Դասընթացավարների վերապատրաստում
18.06.2026
«Erasmus+ eCAMPUS» ծրագրի շրջանակում (№ 101177299-eCAMPUS-EDU-2024-CBHE) ՀՊՄՀ-ն հայտարարում է դասընթացավարների վերապատրաստման (Training of Trainers:ToT) ծրագրի դիմումների ընդունելություն։
Սա կարևոր քայլ է Հայաստանի առաջին ազգային սերտիֆիկացման ծրագրի ձևավորման ուղղությամբ՝ թվային դասավանդման, ուսումնառության և գնահատման ոլորտներում։
Նշենք, որ eCAMPUS-ը քառամյա՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որը միավորում է Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ և եվրոպական չորս գործընկեր համալսարան՝ Universidade de Lisboa, Universidad Autónoma de Madrid, Università degli Studi di Genova և KTH Royal Institute of Technology։
Այն նպատակ ունի զարգացնել Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում թվային դասավանդման կարողությունները։
ToT ծրագրի շրջանակում ընտրված 20 դասախոս ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններից անմիջական վերապատրաստում կանցնեն եվրոպական գործընկերների կողմից և կստանան ՀՊՄՀ պաշտոնական դասընթացավարի կարգավիճակ։ Հետագայում նրանք կվերապատրաստեն ՀՊՄՀ և Հայաստանի այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսներին՝ կիրառելով ժամանակակից թվային մանկավարժության մեթոդներ։
Ընտրված մասնակիցները կանցնեն 5-օրյա (30 ժամ) վերապատրաստում՝ եվրոպական գործընկեր համալսարաններից մեկում։
Վերապատրաստման ավարտից հետո, հիմնական աշխատանքային պայմանագրից բացի, կկնքվի առանձին համաձայնագիր, ինչը կհաստատի նրանց՝ որպես սերտիֆիկացված դասընթացավարների դերն ու պարտականությունները։
Հայտերի ներկայացման գործընթացը՝ մինչև հունիսի 22-ը ներառյալ։
Թեկնածուների ընտրությունը կիրականացվի հետևյալ չափանիշների հիման վրա՝
* դասավանդման փորձ,
* անգլերենի իմացություն,
* ՏՏ հմտություններ,
* դասավանդման պորտֆոլիո,
* ժյուրիի հետ հարցազրույց։