«Աշխարհացույցը»՝ ուսուցչական հետազոտությունների առանցքում

30.09.2026
«Աշխարհացույցը»՝ ուսուցչական հետազոտությունների առանցքում

Մանկավարժական համալսարանում անցկացվեց «Աշխարհացույցի» եռամսյա վերապատրաստումների «Հետազոտող ուսուցիչ» ուղղության ավարտական աշխատաժողովը։

«Աշխարհացույցը» ուսուցչական համայնքի հետազոտությունների առանցքում» խորագրով աշխատաժողովի նպատակն էր ամփոփել ծրագրի շրջանակում իրականացված ուսուցչական հետազոտությունները և ստեղծել դպրոց-բուհ կրթական միջավայրերի մասնագիտական երկխոսության հարթակ։

Միջոցառումը համախմբել էր գործող ուսուցիչների, ՀՊՄՀ դասախոսների՝ հնարավորություն ստեղծելով դասարանային իրական փորձի հիման վրա իրականացված հետազոտությունները ներկայացնել համալսարանական միջավայրում, քննարկել դրանց արդյունքները և ձևավորել հետադարձ կապ։

Մասնակիցներին ողջունեց ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը․ «Ուրախ եմ, որ «Աշխարհացույց»-ի հերթական ծրագրերից մեկն ամփոփվում է Մանկավարժական համալսարանում և, որ այդ գործընթացը շարունակվում է այստեղ։ Այն նպաստելու է փորձի փոխանակմանը, միմյանց կարիքների վերհանմանը և երկուստեք աշխատանքը շարունակելու նոր հնարավորությունների ձևավորմանը։ Վայելում եմ «Աշխարհացույց»-ի ձեռքբերումներն ու հաջողությունները։ Գիտեմ, թե ինչ գաղափարից է սկսվել այս նախաձեռնությունը, և այսօր այն իր շուրջն է համախմբել հանրապետության ուսուցիչներին»,-նշեց նա։

Ռեկտորի պաշտոնակատարը ընդգծեց՝ կրթությունն ամեն ինչի հիմքն է․ ուսուցիչները, որպես կրթական համակարգի անմիջական շահառուներ, շատ լավ գիտեն ոլորտում կատարվող փոփոխությունները՝ գիտելիքահեն կրթությունից անցումը կարողունակահենի։ Դպրոցն այս ամբողջ շղթայի կարևոր օղակն է, և առանց դրա գործընթացը չի կարող ամբողջական լինել։


«Աշխարհացույց» նորարարական կրթական հարթակի հեղինակ, «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը կարևորեց ՀՊՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ երկու կառույցների գործունեության առանցքում կրթությունն ու մանկավարժությունն են։

Նրա խոսքով՝ «Աշխարհացույցը» հասցրել է աշխատել ավելի քան 1000 ուսուցիչների հետ, և այդ փորձը հնարավորություն է տվել շարունակաբար զարգացնել ու ընդլայնել հարթակը և դրա գործիքները։ Հովհաննես Ղազարյանը կարևորեց նաև Մանկավարժական համալսարանի ռազմավարական դերակատարումը՝ որպես այն միջավայրի, որտեղ ձևավորվում են ապագա ուսուցիչները։

Ի դեպ, աշխատաժողովի ընթացքում ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանն ու «Վիզուալ Հայաստան»-ի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։

Աշխատաժողովի աշխատանքները շարունակվեց «Եռամսյա» ծրագրի շրջանակում իրականացված հետազոտությունների ամփոփմամբ, որը ներկայացրեց «Աշխարհացույց» ծրագրի ղեկավար Արևիկ Ավետիսյանը։ Կրթական հարթակի հնարավորությունների մասին էլ խոսեց «Աշխարհացույցի» փորձագետ, մարզային վերապատրաստումների պատասխանատու Հայկանուշ Ղևոնդյանը։

 

Ուսուցիչները ներկայացրին «Աշխարհացույցի» կիրառման սեփական փորձի հիման վրա իրականացված հետազոտությունները։ Քննարկումների առանցքում էին նաև հարթակի ազդեցությունը ուսուցման արդյունավետության և աշակերտակենտրոն ուսուցման վրա, տարբերակված ուսումնառության կազմակերպումը, «Կենտրոններով աշխատանք» մեթոդի կիրառումը, սովորողների ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակությունների զարգացումը։

 

Անդրադարձան նաև թվային վիզուալ ռեսուրսների, տեխնոլոգիական նախագծերի և կրթական խաղերի կիրառմանը, ինչպես նաև ներառական կրթության գործընթացում «Աշխարհացույցի» հնարավորություններին։

 

Աշխատաժողովը շարունակվեց մասնագիտական քննարկումներով։