Սվաջյան Արաքսիա Հովհաննեսի

Արաքսիա Սվաջյանը կրթության քաղաքականության և կառավարման, մանկավարժական կրթության, ներառական կրթության և երեխաների պաշտպանության ոլորտների մասնագետ է։ 2026 թվականի հոկտեմբերի 16-ից Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Համալսարանի շրջանավարտ է, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ։

2023–2026 թվականներին զբաղեցրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնը՝ համակարգելով հանրակրթության, նախադպրոցական, մասնագիտական և լրացուցիչ կրթության ոլորտները։ 2020–2022 թվականներին ղեկավարել է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը՝ համակարգելով ներառական կրթության և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների զարգացումը։

ՀՊՄՀ-ում դասավանդում է 2008 թվականից, 2012 թվականից Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ է։ 2013–2019 թվականներին եղել է համալսարանում գործող «Մանկավարժություն» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարը։ Նրա մասնագիտական գործունեությունը ներառում է ուսուցչական կրթության, ներառական կրթության, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքների գնահատման, երեխաների պաշտպանության և կրթական ծառայությունների զարգացման ծրագրերի ղեկավարում։

Ղեկավարել և իրականացրել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Համաշխարհային բանկի, Վորլդ Վիժն Հայաստանի, Save the Children-ի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և այլ գործընկերների աջակցությամբ ծրագրեր։ Հեղինակ և համահեղինակ է ավելի քան 60 գիտական և ուսումնամեթոդական աշխատանքի։ Գիտական հետաքրքրությունները ներառում են մանկավարժական կրթությունը, հատուկ և ներառական կրթությունը, երեխաների դպրոցական պատրաստվածությունը, աուտիզմը, լոգոպեդիան, երեխաների պաշտպանությունն ու կրթական քաղաքականությունը։

Որպես ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար՝ առաջնահերթ է համարում բուհական կրթության որակի բարձրացումը, մանկավարժական կրթության համապատասխանեցումը կրթական բարեփոխումներին, ուսանողակենտրոն ուսուցման զարգացումը, հետազոտական գործունեության ուժեղացումն ու միջազգային համագործակցության ընդլայնումը։