Կայքը փորձարկման փուլում է։

Կրթությունը ուժ է

24.01.2026
Կրթությունը ուժ է

Սիրելի՛ ուսանողներ, դասախոսներ, կրթական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,
հունվարի 24-ը՝ Կրթության միջազգային օրը, ևս մեկ առիթ է վերահաստատելու կրթության առանցքային դերը հասարակության զարգացման, արժեքների ձևավորման և ապագայի կերտման գործում։

 

Այս տարվա խորագիրը՝ «Երիտասարդության ուժը. համաստեղծելով կրթությունը», շատ խոսուն է։ Այն ընդգծում է, որ կրթությունը չի կարող լինել միակողմանի գործընթաց․ այն ձևավորվում է սովորողի, ուսուցչի և կրթական միջավայրի համատեղ ներգրավվածությամբ։ Երիտասարդների ակտիվ մասնակցությունը կրթական քաղաքականությունների և գործընթացների ձևավորմանը մեր ժամանակների ամենակարևոր նախապայմաններից է։

 

Որպես մանկավարժական համալսարան՝ մենք առանձնահատուկ պատասխանատվություն ունենք կրթության ապագան կերտելու գործում։ Մեր առաքելությունն է ոչ միայն փոխանցել գիտելիք, այլև ձևավորել մտածող, նախաձեռնող, պատասխանատու մանկավարժներ, ովքեր կկարողանան կողմնորոշվել արագ փոփոխվող աշխարհում, կիրառել նորարարական մոտեցումներ և գիտակցաբար օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները, այդ թվում՝ արհեստական բանականությունը՝ ի նպաստ սովորողի զարգացման։

 

Կրթությունը ուժ է, երբ այն ծառայում է մարդուն, բացահայտում նրա ներուժը և նպաստում թե՛ անհատի, թե՛ հասարակության բարեկեցությանը։ Այս ճանապարհը, ինչպես միշտ, միասին ենք անցնելու՝ սովորելով, ստեղծելով և համաստեղծելով։

 

Շնորհավորում եմ Կրթության միջազգային օրվա առթիվ և մաղթում նոր գաղափարներ, ներշնչանք և հետևողական առաջընթաց։

Լիլիթ Մկրտչյան

ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար
Լիլիթ Մկրտչյանի հարցազրույցը մանկավարժական կրթության, կրթական հիմնախնդիրների, Մանկավարժական համալսարանի գործունեության մասին կադացեք «Մանկավարժական համալսարան» պաշտոնաթերթի առաջիկա համարում։