ՀՊՄՀ-ականները՝ հեղինակային երգի մրցույթ-փառատոնի հաղթողներ
05.01.2026
ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողներ Կարինե Թադևոսյանը, Մարիամ Սահակյանն ու Ալվարդ Ղազարյանը մասնակցել են Ջերմուկում կայացած հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի գալա-համերգին, որին հաջորդել է մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար, ՀՊՄՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը։
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ երկրորդ տարին անցկացվող մրցույթին այս տարի մասնակցության հայտ են ներկայացրել ՀՀ տարբեր մարզերից մի քանի տասնյակ մասնակիցներ։ Նրանք հանդես են եկել թե՛ որպես անհատ կատարողներ, թե՛ ներկայացրել են իրենց ուսումնական հաստատությունները․ գալա-համերգին իրենց կատարումներով հանդես են եկել 12 լավագույն մասնակիցները, այդ թվում՝ ՀՊՄՀ-ականները։
Փառատոնի լավագույն մասնակիցները ստացել են մրցանակներ․ դրամական պարգևների են արժանացել նաև նրանց ուսուցիչներն ու ուսումնական հաստատությունները:
Մրցանակաբաշխության արարողությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել և շնորհավորել է մասնակիցներին գեղեցիկ երեկոյի առթիվ: Նա իր խոսքում նշել է, որ դպրոցականների, ուսանողների շրջանում անցկացվող մրցանակաբաշխությունը միտված է Հայաստանի մասին պատկերացումների գծագրմանը․ «Կարևոր է, որ այս փառատոնն ու մրցույթը կոնկրետ վերաբերում է հեղինակային երգին, այսինքն՝ նրանց, ովքեր ստեղծում և կատարում են այդ երգերը։ Կարծում եմ՝ երկու տարվա արդյունքներով շատ կարևոր քայլեր ենք արել․ պետք է շարունակենք և ամեն տարի այս ձևաչափով մրցույթ անցկացնենք, հանդիպենք, խոսենք, քաջալերենք և խրախուսենք ստեղծագործելը Հայաստանի Հանրապետությունում»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վերջին հրապարակումներ
-
14.01.2026Հանդիպում դպրոցների տնօրենների հետ