Քննարկվեցին բարեվարքության և հակակոռուպցիոն մեխանիզմների ներդրման հարցեր

12.01.2026
Քննարկվեցին բարեվարքության և հակակոռուպցիոն մեխանիզմների ներդրման հարցեր

Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ «Բարեվարքություն հանուն զարգացման» հասարակական կազմակերպության համահիմնադիրներ Նարինե Ավետիսյանի և Լիլիթ Մաթևոսյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվեց բուհում բարեվարքության և հակակոռուպցիոն մեխանիզմների ներդրմանը միտված ռազմավարական ծրագրի մշակման անհրաժեշտությունը։ Կարևորվեց բարեվարքության զարգացման գործողությունների պլանը՝ Էթիկայի հանձնաժողովի նոր աշխատակարգի մշակում, հանձնաժողովի ստեղծում, մասնագիտական դասընթացների և վերապատրաստումների անցկացում, կրթական ծրագրերում համապատասխան առարկայական մոդուլների լրամշակում, վարքականոնների նախագծի մշակում, ներքին ազդարարման գործուն համակարգերի ներդրում և այլն։

Քննարկմանը ներկա էին նաև բուհի Ուսումնական գործընթացների հարցերով և Գիտական գծով պրոռեկտորներ Նաիրա Սաֆարյանը, Մարիամ Իսպիրյանը, Գիտական քարտուղար Հակոբ Թադևոսյանը։

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը կարևորեց կառույցի հետ համագործակցությունն ու առաջակցությունը մանկավարժական բուհին՝ ընդգծելով, որ ուսուցիչների պատրաստման գործում ակադեմիական ազնվությունն ու էթիկան որակյալ կրթության հիմնասյուներն են։

Համալսարանական միջավայրում կոռուպցիայի հանդեպ անհանդուրժողականության մշակույթի ձևավորման առումով կողմերը կարևորեցին թեմայի վերաբերյալ իրազեկման աշխատանքները։

 

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց հուշագրի կնքմամբ զարգացնել երկկողմ համագործակցությունը, ինչը կնպաստի համատեղ ծրագրերի երկարաժամկետ և համակարգված իրականացմանը։