- Մեդիա > Նորություններ >ՀՊՄՀ-ն՝ COP17-ում
ՀՊՄՀ-ն՝ COP17-ում
21.10.2026
Հոկտեմբերի 19-30-ը Մանկավարժական համալսարանը մասնակցում է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին։
ՀՊՄՀ-ն Կենսաբազմազանության հարցերով հայկական բուհերի կոալիցիայի հետ համատեղ ներկայացել է առանձին տաղավարով՝ ներկայացնելով բնապահպանական կրթության զարգացմանը, կենսաբազմազանության պահպանությանն ու էկոլոգիական իրազեկման բարձրացմանն ուղղված իր նախաձեռնությունները։
ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանն ու պրոռեկտորներն այսօր այցելեցին «Կանաչ գոտի»՝ ծանոթանալու բուհի տաղավարին, ներկայացված աշխատանքներին, կրթական նախաձեռնություններին և նախատեսված միջոցառումների ընթացքին։
Համալսարանի տաղավարում այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու բնապահպանական խնդիրներին, Հայաստանի բնաշխարհի առանձնահատկություններին, կրթության առանցքային դերին՝ բնապահպանական գիտելիքների տարածման, բնության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորման և կենսաբազմազանության պահպանության գաղափարների տարածման շուրջ։
ՀՊՄՀ-ի տաղավարում ներկայացված են «Հայաստանի ձկները․ ուղեցույց-որոշիչ» և «Ձկնորսի հիշատակարանը» գրքերը՝ Հայաստանում ձկնորսության կանոնների և թույլատրելի որսի վերաբերյալ տեղեկություններով։ Նպատակն է այցելուներին ծանոթացնել Հայաստանի ձկնաշխարհի առանձնահատկություններին և նպաստել ջրային կենսաբազմազանության վերաբերյալ գիտելիքների տարածմանը։
Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի ասիստենտ Վարդուհի Հովհաննիսյանը, Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 հիմնական դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Անուշ Աբրահամյանն ու նույն դպրոցի աշակերտները ներկայացրին «Կլիմայական արկղիկ» ուսումնական նյութերը։ իրականացվում է նաև խաղ-վիկտորինա, որի միջոցով մասնակիցները հնարավորություն են ունենան ամրապնդելու կլիմայի և բնապահպանության վերաբերյալ իրենց գիտելիքները։
ՀՊՄՀ-ի տաղավարում, Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի նախաձեռնությամբ, անցկացվեց նաև էկոլոգիական թեմատիկայով քննարկում՝ «Բնության փոքրիկ հետազոտողները» խորագրով, և առցանց էքսկուրսիա՝ «Բացահայտում ենք բնության աշխարհը», որին մասնակցեցին նախակրթարանի սաները։ Նպատակն էր վաղ տարիքից զարգացնել երեխաների հետաքրքրությունը բնության նկատմամբ, ձևավորել շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունք և բնապահպանական գիտելիքները փոխանցել տարիքային առանձնահատկություններին համապատասխան կրթական մեթոդներով։
Համաժողովի շրջանակում Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը հանդես կգա «Հայաստանի ձկնաշխարհը և դրա ձևափոխման պատճառները» թեմայով զեկույցով, իսկ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները կմասնակցեն «Էկոկրթություն-կենսաբազմազանություն» թեմայով պանելային քննարկմանը՝ ընդգծելով բնապահպանական կրթության զարգացման, կենսաբազմազանության պահպանության և կրթական հաստատությունների համագործակցության կարևորությունը։
Վերջին հրապարակումներ
-
19.10.2026
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար