Բացահայտելով Երևանը․ ՀՊՄՀ-ում ամփոփվեց միջազգային դպրոցը

16.10.2026
Բացահայտելով Երևանը․ ՀՊՄՀ-ում ամփոփվեց միջազգային դպրոցը

Հինգ օր, հինգ բանալի, մեկ նախագիծ և բազմաթիվ բացահայտումներ․ Մանկավարժական համալսարանում ամփոփվեց «Ստեղծարար Հայաստան» խորագրով ուսանողական տուրիզմի միջազգային դպրոցը, որը հոկտեմբերի 12-16-ը միավորել էր Հայաստանի և Ռուսաստանի տարբեր բուհերի 41 ուսանողի։

Հնգօրյա ծրագրի ընթացքում մասնակիցներն ունեցան ստեղծարար, մշակութային և մասնագիտական հարուստ առօրյա՝ բացահայտելով Երևանի երեկվա, այսօրվա և վաղվա քաղաքային միջավայրը, ուսումնասիրելով պատմամշակութային ժառանգությունն ու դրա կապը ժամանակակից ստեղծարար ոլորտների հետ։

Ուսանողներն այսօր ամփոփեցին ծրագրի արդյունքները՝ ներկայացնելով կրթական երթուղու շրջանակում իրականացրած աշխատանքները, ձեռք բերած գիտելիքներն ու նոր հմտությունները։ Դրանցում արտացոլված էր մասնակիցների՝ Երևանը ճանաչելու, ուսումնասիրելու և ստեղծագործաբար վերաիմաստավորելու փորձառությունը։

Դպրոցի շրջանակում մշակվել է «Բարև, Երևան․ որտեղ անցյալը հանդիպում է ապագային» կրթական երթուղու հայեցակարգը, որի նպատակն էր Երևանի մշակութային ժառանգությունը ներկայացնել ժամանակակից ստեղծարար ոլորտների համատեքստում։

Ծրագիրն ընդգրկել է 5 հիմնական ուղղություն՝ ճարտարապետություն, երաժշտություն, կինո և մուլտիպլիկացիա, գեղանկարչություն և դիզայն, նորաձևություն և դեկորատիվ-կիրառական արվեստ։

Թեմատիկ էքսկուրսիաների, ճանաչողական այցերի, մասնագիտական հանդիպումների, վարպետության դասերի և գործնական առաջադրանքների միջոցով ուսանողները ոչ միայն ծանոթացել են մայրաքաղաքի մշակութային առանձնահատկություններին, այլև փորձել բացահայտել դրա ստեղծարար ներուժը։

Ամփոփիչ ներկայացման ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց ուժերով ստեղծած՝ հինգ ոլորտներն արտացոլող աշխատանքները, ինչպես նաև կրթական երթուղուն նվիրված կայքը, որտեղ ամփոփված են ծրագրի գաղափարն ու դրա շրջանակում իրականացված աշխատանքները։

Միջազգային դպրոցի փակման արարողությանը ՀՊՄՀ Գիտության գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը կարևորեց ծրագրի դերը երիտասարդների ստեղծագործական ներուժի բացահայտման, մասնագիտական փորձի փոխանակման և միջմշակութային կապերի ամրապնդման գործում։

Նա ընդգծեց, որ արդեն երրորդ անգամ հյուրընկալելով «Ուսանողական տուրիզմ» ծրագրի մասնակիցներին՝ Մանկավարժական համալսարանը շարունակում է ձևավորել Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդներին միավորող կրթամշակութային հարթակ, որտեղ ծնվում են նոր գաղափարներ, ձևավորվում մասնագիտական կապեր և ամրապնդվում բարեկամությունը․«Վստահ եմ, որ համատեղ նախագծերը, վարպետության դասերն ու մասնագիտական հանդիպումները հնարավորություն տվեցին բացահայտելու սեփական կարողությունները, փոխանակվելու գաղափարներով և ստեղծագործելու համագործակցության միջոցով։ Կարծում եմ՝ ձեզ հետ կտանեք ոչ միայն նոր գիտելիքներ ու մասնագիտական հմտություններ, այլև Հայաստանի մասին ջերմ հիշողություններ, նոր ընկերներ և համագործակցությունը շարունակելու ցանկություն»,-նշեց Մարիամ Իսպիրյանը։

Նաև ընդգծեց խաղաղության և գիտելիքի կարևորությունը՝ նշելով, որ երիտասարդների կրթությունն ու ստեղծագործական ներուժը հասարակության առաջընթացի կարևոր նախապայմաններն են։

ՀՊՄՀ Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի աշխատակից, ծրագրի համակարգող Աննա Հախումյանն էլ շեշտեց նախաձեռնության նշանակությունը միջմշակութային կապերի ամրապնդման և մասնագիտական փորձի փոխանակման տեսանկյունից։

Նրա խոսքով՝ Մանկավարժական համալսարանը Հայաստանի ոգին կրող կրթամշակութային հարթակ է, իսկ արդեն երրորդ անգամ իրականացվող նախաձեռնությունը երիտասարդներին միավորում է ընդհանուր արժեքների, ստեղծագործական որոնումների և համագործակցության շուրջ։

«Այս կրթական ու մշակութային ծրագրի և այն միավորող արժեքների միջև պատնեշ լինել չի կարող, որովհետև մասնակիցների միջև բոլոր կամուրջները հայկական քարով են կառուցված»,- նշեց Աննա Հախումյանը։

Ծրագրի մասնակիցները ստացան հավաստագրեր, իսկ ռուսական կողմը հայ գործընկերներին սպասում է փոխադարձ այցով։