- Մեդիա > Նորություններ >ՀՊՄՀ-ում ներկայացվեց կրթական ծրագրերի վերջնարդյունքների գնահատման նոր գործիքակազմը
ՀՊՄՀ-ում ներկայացվեց կրթական ծրագրերի վերջնարդյունքների գնահատման նոր գործիքակազմը
16.10.2026
Մանկավարժական համալսարանում կայացավ «Գնահատականից դեպի ապացույց․ վերջնարդյունքների ներքին աուդիտի հարցադրումը» խորագրով աշխատանքային հանդիպում՝ ֆակուլտետների ղեկավարների և որակի ապահովման պատասխանատուների մասնակցությամբ։
ՀՊՄՀ Որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավար Անի Հակոբյանը ներկայացրեց կրթական ծրագրերի վերջնարդյունքների գնահատելիության որոշման մեթոդաբանական գործիքակազմը, որը մշակվել է «Պատմություն» կրթական ծրագրի փորձնական ուսումնասիրության հիման վրա։
Հանդիպման նպատակն էր քննարկել կրթական ծրագրերի վերջնարդյունքների գնահատման արդյունավետության բարձրացման ուղիները, ինչպես նաև ներկայացնել այն մեթոդաբանական մոտեցումները, որոնք հնարավորություն կտան գնահատման գործընթացը դարձնելու առավել համակարգված, հիմնավորված և արդյունքահեն։
Քննարկման առանցքում հարցադրումն էր, թե որքանով են կիրառվող գնահատման մեթոդներն ու չափանիշներն արտացոլում կրթական ծրագրով սահմանված վերջնարդյունքները և արդյո՞ք հնարավոր է փաստական ապացույցների միջոցով հավաստել ուսանողների ձեռքբերումները։
Ինչպես նկատեց կենտրոնի ղեկավարը՝ ներկայացված գործիքակազմը հնարավորություն է տալիս կրթական ծրագրերի գնահատման գործընթացում փաստաթղթային համապատասխանության ստուգումից անցում կատարելու դեպի ուսումնառության արդյունքների գնահատելիության և ձեռքբերումների ապացուցելիության ուսումնասիրություն։ Ըստ նրա, մշակված մատրիցաների միջոցով հնարավոր է վերլուծել վերջնարդյունքների ձևակերպումները, գնահատման չափանիշները, կիրառվող մեթոդներն ու դրանց փոխկապակցվածությունը։
Առաջիկայում նախատեսվում է գործիքակազմը փորձարկել համալսարանի ֆակուլտետներում՝ գնահատելու դրա կիրառելիությունը տարբեր կրթական ծրագրերի շրջանակում։ Փորձարկման արդյունքները հիմք կհանդիսանան մեթոդաբանության հետագա կատարելագործման և կրթական ծրագրերի վերջնարդյունքների գնահատման միասնական մոտեցումների ձևավորման համար։