- Մեդիա > Նորություններ >ՀՊՄՀ պրոռեկտորը մասնակցել է բուհերի որակի ապահովման համակարգի զարգացման քննարկմանը
ՀՊՄՀ պրոռեկտորը մասնակցել է բուհերի որակի ապահովման համակարգի զարգացման քննարկմանը
16.10.2026
ՀՊՄՀ Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը մասնակցել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) ՀՀ բուհերի պրոռեկտորների մասնակցությամբ կայացած հանդիպմանը։
Հանդիպման նպատակն էր գնահատել հավատարմագրման գործընթացների ազդեցությունը բուհերի կառավարման, կրթական ծրագրերի և որակի ներքին ապահովման համակարգերի զարգացման վրա, ինչպես նաև նախանշել որակի արտաքին ապահովման հետագա կատարելագործման ուղղությունները։
Հանդիպման ընթացքում բուհերի ներկայացուցիչները ներկայացրին հավատարմագրման տարբեր շրջափուլերում իրենց հաստատություններում արձանագրված փոփոխությունները։ Ներկայացված փորձը ցույց է տվել, որ փորձագիտական խորհրդատվությունները մի շարք բուհերում հիմք են դարձել ոչ միայն առանձին խնդիրների լուծման, այլև ռազմավարական որոշումների և զարգացման ծրագրերի մշակման համար։
Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել հավատարմագրման առաջարկությունների հիման վրա իրականացվող փոփոխություններին, կրթական ծրագրերի բարելավման նպատակով ֆինանսական միջոցների հատկացմանը, միջազգային փորձագետների ներգրավմանը և ներքին աուդիտների իրականացմանը։
Քննարկման ընթացքում կարևորվեց որակի ապահովման համակարգում պահանջներին համապատասխանությունը փաստաթղթավորելուց դեպի խնդիրների համակարգային բացահայտում, դրանց լուծմանն ուղղված քայլերի իրականացում և արդյունքների գնահատում անցումը։
Անդրադարձան նաև կրթական ծրագրերի որակի ապահովման զարգացմանը, հավատարմագրման գործընթացների կատարելագործման համատեքստում ՈԱԱԿ-ի դերի փոփոխությանը և որակի արտաքին ապահովման համակարգի զարգացման հեռանկարներին։ Մասնավորապես՝ քննարկվեցին ծրագրային հավատարմագրման ընդլայնման, միջազգային գործընկեր գործակալությունների հետ համատեղ հավատարմագրումների իրականացման և տարբեր մասնագիտական ոլորտների առանձնահատկությունները հաշվի առնելու հնարավորությունները։
Ընդգծվեց, որ կրթական ծրագրերի որակի գնահատման հիմքում պետք է լինի ոչ միայն ուսումնառության վերջնարդյունքների հստակ ձևակերպումը, այլև դրանց փաստացի ձեռքբերման հավաստումը։
ՈԱԱԿ-ի պատասխանատուների խոսքով՝ բուհերի ներկայացուցիչների ներկայացրած փորձը, դիտարկումներն ու առաջարկները հիմք կհանդիսանան հավատարմագրման արդյունավետության հետագա վերլուծության, մեթոդական աջակցության առաջնահերթությունների հստակեցման և որակի արտաքին ապահովման գործընթացների կատարելագործման համար։