ՀՊՄՀ-ում հյուրընկալվել էին KAAD-ի ներկայացուցիչները
16.10.2026
Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էին Գերմանիայի Կաթոլիկ ակադեմիական փոխանակման ծառայության (KAAD) Կենտրոնական, Հարավարևելյան և Արևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Մարկուս Լայմբախը, ծրագրերի պատասխանատու Ալվին Բեքերն ու KAAD-ի հանձնախմբի անդամ, Գրացի համալսարանի դասախոս, դոկտոր Աննա Ալեքսանյանը։
ՀՊՄՀ ղեկավար կազմի և Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրին կազմակերպության կրթաթոշակային ծրագրերը, անդրադարձան միջազգային ակադեմիական շարժունության հնարավորություններին և քննարկեցին կրթական ու գիտահետազոտական համագործակցության հեռանկարները։
ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը, կարևորելով միջազգային գործընկերության դերը բարձրագույն կրթության զարգացման գործում՝ ընդգծեց ակադեմիական կապերի ընդլայնման, գիտակրթական փորձի փոխանակման և դասախոսների ու հետազոտողների մասնագիտական զարգացման համար նոր հնարավորությունների ստեղծման նշանակությունը։ Կարևորվեց կրթաթոշակային ծրագրերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, ինչպես նաև ուսանողների և դասախոսների ներգրավվածությունը միջազգային կրթական և հետազոտական նախաձեռնություններում։ Քննարկվեցին նաև համագործակցության հնարավոր ուղղությունները՝ միտված համալսարանի դասախոսների, երիտասարդ գիտնականների և հետազոտողների միջազգային փորձի հարստացմանը։
Մարկուս Լայմբախը ներկայացրեց KAAD-ի գործունեությունն ու կրթաթոշակային ծրագրերը՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս ուսանել Գերմանիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում, իրականացնել հետազոտական աշխատանքներ, մասնակցել դոկտորական ծրագրերի, ինչպես նաև կարճաժամկետ ակադեմիական այցերի։ Ծրագրերն ընդգրկում են տարբեր մասնագիտական ուղղություններ՝ բացառությամբ աստվածաբանության։
Նշենք, որ KAAD-ը Գերմանիայում գործող Կաթոլիկ ակադեմիական փոխանակման ծառայությունն է, որը շուրջ 65 տարի կրթաթոշակներ է տրամադրում Աֆրիկայի, Ասիայի, Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի և Արևելյան Եվրոպայի, այդ թվում՝ Հարավային Կովկասի երկրների ասպիրանտներին, երիտասարդ գիտնականներին և հետազոտողներին՝ նպաստելով նրանց ակադեմիական առաջընթացին և մասնագիտական զարգացմանը։