Քննարկումներ՝ հետագա համագործակցության վերաբերյալ

14.01.2026
Քննարկումներ՝ հետագա համագործակցության վերաբերյալ

Մանկավարժական համալսարանում էր Հունաստանի Պանթեոնի հասարակական և քաղաքական գիտությունների համալսարանի Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար Պանագիոտա Ազնավուրդիոն։


Հանդիպման ընթացքում ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը կարևորեց բուհերի միջև գործընկերությունն ու երկկողմ հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու հնարավորությունները։


Լիլիթ Մկրտչյանն ընդգծեց Հայաստանում Հունաստանի և Հունաստանում Հայաստանի դեսպանատան հետ սերտ համագործակցությունը տարբեր ծրագրերի շրջանակներում․ նշեց՝ հետաքրքրված են իրականացնել բուհերի միջև համատեղ նոր նախագծեր, փորձի փոխանակում։

 

ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացրեց բուհի մանկավարժական ուղղվածությունը, մեր երկրում բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող ներկայիս բարեփոխումները, 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրում ներքին կառավարման վերահսկողության մեխանիզմների մշակման կարևորությունը։


Հունաստանի Պանթեոնի հասարակական և քաղաքական գիտությունների համալսարանում մի շարք առանցքային, այդ թվում՝ Պետական իրավական խորհրդի գրասենյակում և ռեկտորի աշխատակազմի ղեկավարի պաշտոն զբաղեցրած Պանագիոտա Ազնավուրդիոն կիսվեց իր փորձառությամբ։

 

Ունենալով վարչակական ստորաբաժանումներում, ֆինանսական բաժնում, Սոցիոլոգիայի, Քաղաքագիտության և պատմության ֆակուլտետներում աշխատանքային մեծ փորձ՝ հույն գործընկերը ներկայացրեց համալսարանական կառավարման և գործառնական արդյունավետության համապարփակ իր տեսլականը։

 

Այցի շրջանակներում Պանագիոտա Ազնավուրդիոն արդյունավետ հանդիպումներ ունեցավ նաև բուհի Իրավաբանական բաժնի, քարտուղարության, հաշվապահության և Ֆինանսատնտեսական, գնումների համակարգման և մատակարարման կենտրոնի աշխատակիցների հետ։ Եղավ փորձի փոխանակում, քննարկվեցին համալսարանական կառավարման վերաբերյալ հարցեր: