Կայքը փորձարկման փուլում է։

Հանդիպում ուսանողների հետ

15.04.2026
Հանդիպում ուսանողների հետ

Մանկավարժական համալսարանում կայացավ ուսանողական ակտիվի հետ բուհի ղեկավար կազմի հանդիպումը։

ՀՊՄՀ ռեկտորի ժամակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը բարձր գնահատեց Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ ապրիլի 6-10-ը բուհում անցկացված «Մասնագիտական կողմնորոշում» ամենամյա փառատոնը։ Նա կարևորեց ձեռնարկը, որը համախմբել էր հանրապետության ավելի քան 1900 աշակերտի, ապա հետաքրքրվեց միջոցառման թույլ և ուժեղ կողմերով՝ ընդգծելով հետադարձ կապի և գործընթացի շարունակականության անհրաժեշտությունը։

Լիլիթ Մկրտչյանն աշակերտական համայնքի, բուհ-դպրոց կապի ամրապնդման և գործընթացի արդյունավետության տեսանկյունից կարևորեց բուհի այլ ստորաբաժանումների հետ ուսանողների համագործակցությունը, աշակերտների հետ ամենատարբեր ձևաչափերով հանդիպումները, մասնագիտությունների կիրառական ներկայացումը, ինտերակտիվությունը։

ՀՊՄՀ ռեկտորի ժամակավոր պաշտոնակատարն ընդգծեց՝ աշակերտների հետ լավագույնս կարող են երկխոսել իրենք՝ ուսանողները, ներկայացնելով սեփական փորձառությունը, իմացությունը, մանկավարժական բուհի կարևոր առաքելությունը։

Ուսանողների հետ ռեկտորի հանդիպումները պարբերական բնույթ ունեն, դրանք բաց են, երկխոսության վրա հիմնված, ինչը հնարավորություն է տալիս անել առաջարկություններ, ներկայացնել մտահոգությունները, գտնել համատեղ լուծումներ։

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը խոստացավ նաև բաց դասախոսությունների շարք ուսանողների համար․ արդեն մեկնարկել է խաղաշինական կրթության մասին դասընթացը։

Ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանն ու ուսանողական ակտիվի անդամները ներկայացրին ծրագրի նախապատրաստական փուլի աշխատանքները՝ ընդգծելով՝ թեմատիկ տաղավարների, աշակերտների հետ անմիջական շփումների միջոցով ներկայացրել են բուհն ու 10 ֆակուլտետներն իրենց առանձնահատկություններով և գրավչությամբ։

Ուսանողական խորհրդի կազմում նախատեսել են ստեղծել նաև հանձաժողով, որի անդամները ներգրավված կլինեն մասնագիտական կողմոնորշման աշխատանքներում։

Հանդիպման ընթացքում Լիլիթ Մկրտչյանը պատասխանեց ուսանողների հարցերին և կարևորեց նրանց մտքերն ու գաղափարները՝ առաջ շարժվելու իմաստով։