Կայքը փորձարկման փուլում է։

Մանկավարժականում վերապատրաստվեց 115 ուսուցիչ

16.04.2026
Մանկավարժականում վերապատրաստվեց 115 ուսուցիչ

ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանն այսօր հավաստագրեր հանձնեց հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների միայն փորձագետի մակարդակով վերապատրաստված մասնակիցներին։

Մարտի 23-31-ն անցկացված վերապատրաստման նպատակն էր ապահովել ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացումը՝ ժամանակակից կրթական պահանջներին և որակական նոր չափանիշներին համապատասխան:

Լիլիթ Մկրտչյանը կարևորեց, որ մասնակից ուսուցիչները, դասավանդողներն առաջնային են համարել գործընթացը, իրենց մասնագիտական աճն ու զարգացման ճանապարհն անցել են Մանկավարժականի հետ միասին։

Լինելով ծրագրի համահեղինակներից՝ նա կարևորեց հետադարձ կապն ու ծրագրի արդյունավետության վերաբերյալ մասնակիցների դիտարկումները։

ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն ընդգծեց՝ գաղափարի հիմքում այն է, որ փորձագետի մակարդակ ունեցողներն ունեն կուտակած մեծ փորձառություն և իմացություն, գիտեն փնտրելու, ինքնուրույն հետազոտելու, ստեղծելու, գազափարները մեկտեղելու ճանապարհը։

Լիլիթ Մկրտչյանը մասնակիցներին մաղթեց ուժ և ծով իմացություն՝ նշելով՝ աշակերտներն են իրենց գործի շարունակողները․ նրանք են, որ պետք է հաղթեն, հաջողեն և իրենցից առաջ անցնեն․ «Մանկավարժական համայքները շատ կարևոր են․ պետք է ամենօրյա ռեժիմով խոսենք մեր չհաջողած փորձի մասին  և կատարելագործենք ունեցածը»։

Հիշեցնենք, որ ՀՀ մարզերից և Երևանից հայտագրված 115 ուսուցիչ վերապատրաստվեց 11 բաղադրիչով՝ դասընթացների և դասերի պլանավորում, դասավանդման մեթոդներ, ռազմավարություններ և ներառարկայական կապեր, ռեսուրսների կառավարում, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում, 21-րդ դարի հմտությունների խթանում, սովորողների կարիքների բացահայտում, ուսումնառության գնահատում, ուսումնական գործընթացի համընդհանուր ներառականությունն ու մասնակցությունն ապահովող կարողություններ, մասնագիտական զարգացման համար պատասխանատվության ստանձնում, կրթության ոլորտի օրենսդրություն և պրակտիկայի իմացություն, մասնագիտական բարեվարքություն, ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն։

Մասնակիցներն իրենց գոհունակությունն ու առաջարկները ներկայացրին գործընթացի բարելավման վերաբերյալ՝ ընդգծելով, որ բուհից հեռանում են կայուն և խորը գիտելիքներով զինված։