Կայքը փորձարկման փուլում է։

Ապրիլը՝ գիտության ամիս ՀՊՄՀ-ում

17.04.2026
Ապրիլը՝ գիտության ամիս ՀՊՄՀ-ում

Ապրիլը Մանկավարժական համալսարանում հայտարարվել է Գիտության ամիս։
Համալսարանում արդի և կարևոր թեմաների շուրջ կազմակերպվում են գիտական տարաբնույթ միջոցառումներ՝ սեմինարներ, քննարկումներ, վարպետաց դասեր՝   ընդգրկելով բուհի  գիտական գերակա ուղղությունները։

 

Գիտագործնական սեմինար՝ ԿՔԱ-ում

Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետում անցկացվեց «Ազիմուտների և դիրեկցիոն անկյունների որոշումը» գիտագործնական սեմինարը։ Այն  վարեց աշխարհագետ, աշխարհագրության խնդրագրքի  հեղինակ Գոռ Աղայանը:

Մասնակցում էին աշխարհագրություն և բնագիտություն մասնագիտությամբ ուսուցիչներ, ուսանողներ։ Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի  պաշտոնակատար Մարիետա Մուրադյանը կարևորեց գիտագործնական սեմինարների դերը՝ ընդգծելով՝ դրանք  ապահովում են ապագա ուսուցչի մասնագիտական կարողությունների համակողմանի զարգացում։

 

 «21-րդ դարի ապագա ուսուցչի մոդելի գործառնական բաղադրիչները»

Մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնում անցկացվեց 21-րդ դարի ապագա ուսուցչի մոդելի գործառնական բաղադրիչների վերաբերյալ հերթական սեմինարը, որը վարեց ամբիոնի վարիչ Քնարիկ Հովհաննիսյանը։ Իր ելույթում բանախոսն ընդգծեց, որ  ժամանակակից ուսուցիչը պետք է հանդես գա ոչ միայն որպես գիտելիք փոխանցող, այլև ուսումնական գործընթացի կազմակերպիչ, հետազոտող և սովորողի զարգացման խթանող։

Սեմինարին զեկուցմամբ հանդես եկավ նաև ամբիոնի ասիստենտ Մելանյա Բարսեղյանը։  «Ինքնագնահատումը որպես դասավանդման բարելավման գործիք» թեմայի շրջանակներում նա անդրադարձավ դասավանդման գործընթացում ինքնագնահատման դերին՝ որպես արդյունավետության բարձրացման և մասնագիտական զարգացման կարևոր մեխանիզմի։

Ինչպես նշեցին կազմակերպիչները՝ սեմինարը ևս մեկ քայլ էր ամբիոնում գիտամեթոդական քննարկումների ակտիվացման և կրթական գործընթացի որակի շարունակական բարելավման ճանապարհին։

 

Գիտության և  արվեստի աշխարհների համադրումը

Վ. Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը կազմակերպել էր գիտամշակութային միջոցառում, որի ընթացքում բանասիրական ֆակուլտետի բակալավրիատի ուսանողներն ու մագիստրոսներն այցելեցին Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան, հաղորդակից եղան կապուտիկյանական շնչին, հնարավորություն ունեցան տեսնելու բանաստեղծուհու տան անգին մասունքները՝ գրիչների   հավաքածուից  մինչև Արցախից բերված նուռ։

 

Արմենուհի Մուրադյանը ներկայացրեց   իր հոր՝ բանաստեղծ Սուրեն Մուրադյանի  և  Սիլվա Կապուտիկյանի ընկերությունից պատառիկներ։ Նա կարևորեց արտալսարանային նմանօրինակ այցերի և միջոցառումների դերը հեղինակին ճանաչողական խորքով յուրացնելու ճանապարհին։

 

Նաիրա  Խաչատրյանը Կապուտիկյանին դիտարկեց հայ կնոջ անցած ճանապարհի, բարոյահոգեբանական ուրույն դրսևորումների համատեքստում, իսկ Քնարիկ Աբրահամյանը նկատեց՝ հայ կին գրողներին բացահայտելու ուղին միշտ էլ Կապուտիկյանով է սկիզբ առնում։

 

Ուսանողները ներկայացրին փոքրիկ զեկուցումներ նվիրված «Պարիս Հերունի» վեպին, կարդացին տողեր Կապուտիկյանից, երգեցին նրա բառերով գրված ստեղծագործություններ:

 

Գրքի քննարկում՝ գիտության ամսում

Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան մայրենիի ու նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնում մագիստրանտները՝ դասախոսական կազմի հետ քննարկեցին ամբիոնի դոցենտ Լիլիթ Աշոտի Տեր-Գրիգորյանի հեղինակած «Հայոց լեզու (օգնություն ուսուցչին)» ուսումնաօժանդակ ձեռնարկը։

 

Ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ջուլիետա Գյուլամիրյանը նշեց՝ ձեռնարկը կարող է կիրառելի լինել տարրական բոլոր դասարաններում, քանի որ ընդգրկում է մայրենիի դասընթացի լեզվի բաղադրիչի ողջ ծավալը։

 

Ձեռնարկի քննարկման նման անսովոր ձևաչափը գիտակրթական յուրահատուկ միջավայր ապահովեց մագիստրանտների համար։

 

Վարպետաց դաս

Երաժշտության մանկավարժության ամբիոնի վարիչ, դոցենտ Աննա Հարությունյանը «Սոլֆեջիո և հարմոնիա» առարկայի շրջանակներում անցկացրեց վարպետաց դաս։

 

Առանձնապես ուշագրավ էին դասախոսի առաջարկած տրամաբանական վարժությունները, որոնք համադրաբար ընդգրկում էին տարբեր թեմատիկ ուղղություններ և նպաստում գիտելիքների ամբողջական ընկալմանը։

 

Գեղարվեստական կրթության ֆակուլտետում  դոցենտ‚ քանդակագործ Միսակ Մելքոնյանն անցկացրեց վարպետաց դաս՝ «Դիմաքանդակ» թեմայով։  

 

Ֆակուլտետում Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, արվեստագիտության թեկնածու Աշոտ Առաքելյանն էլ  ներկայացրեց  «19-20-րդ դարերի ամերիկահայ կերպարվեստի զարգացման ուղիները» թեմայով  դաս-դասախոսություն:

 

Քննարկվեց Կ. Պոլսից Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնած ամերիկահայ գեղանկարիչների արվեստը, նրանց ոճական առանձնահատկությունները, կիրառված գեղարվեստական հնարների բազմազանությունը՝ ինչպես գրաֆիկական տեխնիկաների կիրառմամբ, այնպես էլ գեղանկար ստեղծագործությունների ուսումնասիրմամբ:

 

«Մարդկության մեծագույն դաստիարակը ուսուցիչն է»․․․

«Աշխարհագրությունը աշխարհը բացող պատուհան է, աշխարհի հետ շփում է, մարդկանց, ազգերին, էթնոսներին ծանոթանալ է, քաղաքական արժեքները հասկանալ և ըմբռնել է: Առանց աշխարհագրության հնարավոր չէ կյանքը շարունակել»,-ասում է

 

Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի  աշխարհագրության ամբիոնի դասախոսների և ապագա աշխարհագետների համար վաստակաշատ մանկավարժ, գիտնական  Յուրիկ Մուրադյանը հանդես եկավ «Անհետացած և գոյություն ունեցող քաղաքակրթություններ» թեմայով հետաքրքիր դասախոսությամբ։  նա լսարանին ներկայացրեց կորած և գոյություն ունեցող հինգ քաղաքակրթությունների ստեղծման ու ենթամշակույթների պատմությունը,  քաղաքակրթությունների բաժանման  գլոբալ քարտեզը։ Զեկուցողն անդրադարձավ նաև քրիստոնեական քաղաքակրթության բաժանումներին՝ առանձնացնելով արևմտաեվրոպական  քաղաքակրթությունն իր հարուստ մշակույթով:

 

Հանդիպման ավարտին պրոֆեսորն ուսանողներին հորդորեց՝ գիրք կարդալ, ծանոթանալ քաղաքակրթությունների ստեղծած արժեքներին․ «Մարդկության մեծագույն դաստիարակը ուսուցիչն է, ոչ մեկը չի կարող նրա նման արժեքներ ստեղծել»,- ամփոփեց նա։

 

Քննարկվեց մոտիվացիայի և ձևավորող գնահատման փոխադարձ կապը

Սկզբնական կրթության ֆակուլտետում  անցկացվեց «Մոտիվացիայի ձևավորումը և ձևավորող գնահատումը որպես ուսուցման արդյունավետ գործիք» խորագրով սեմինար-քննարկում։ Բանախոսը Գազպրոմ Արմենիայի Ուսումնա-սպորտային համալիրի դասվար, ֆակուլտետի շրջանավարտ Անի Բաղդասարյանն էր։

 

Մասնակիցները ծանոթացան տարրական դասարաններում ուսումնական մոտիվացիայի ձևավորման հոգեբանամանկավարժական մեթոդներին և դրանց կիրառման առանձնահատկություններին:

 

Ուսանողները,  գործնական աշխատանքից հետո նշեցին, որ  այուհետ  կկարողանան նախագծել սովորողների ներգրավվածության և հետաքրքրության վրա հիմնված դասեր, կիրառել ձևավորող գնահատման բազմազան գործիքներ՝ սովորողների առաջընթացը խրախուսելու համար, տրամադրել կառուցողական հետադարձ կապ՝ սովորողի ինքնավստահությունը և ուսումնական արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։