Քննարկվեց բուհում կրթության որակի ապահովումը
20.04.2026
«Ակադեմիական քաղաք» ծրագրի Կրթական կլաստերի ձևավորման շրջանակում University College London-ի (UCL) փորձագետներն այսօր կրկին Մանկավարժականում էին։
Այցի նպատակն էր քննարկել բուհում կրթության որակի ապահովումն ու իրականացումը, ուսումնասիրել որակի քաղաքականությունը, կրթական ծրագրերի մշտադիտարկումը, բարելավման մեխանիզմները, ուսանողների ներգրավվածությունը գործընթացներում։
UCL թիմի անդամներ Հելեն Մեթյուզն ու Զակ Լիդելն հանդիպումներ ունեցան բուհի ղեկավար կազմի, կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնի աշխատակիցների, դասախոսների և ուսանողական համայնքի ներկայացուցիչների հետ։
Փորձագետների հետ հանդիպմանը ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը խոսեց մեր երկրի կրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների և բարեփոխումների մասին՝ ընդգծելով Մանկավարժականի կարևոր դերակատարումը դրանցում, ինչպես մանկավարժներ պատրաստող, այնպես էլ գործընթացում իր առաջարկներն ու դիտարկումները ներկայացնող կարևոր կառույցի։
Լիլիթ Մկրտչյանը միջազգային փորձագետներին ներկայացրեց նաև բուհի ռազմավարական զարգացման ուղղությունները, որակի գործընթացները, կարևորեց համապատասխան կառույցի գործունեությունը, դպրոց-բուհ կապի շարունակականության, գործողություններն առավել չափելի դարձնելու և պլանավորելուն միտված աշխատանքները։ Ինչպես նշեց բուհի ռեկտորի պաշտոնակատարը՝ ըստ նոր ռազմավարության՝ բուհը կլինի ոչ միայն ուսանողակենտրոն, այլև դասախոսակենտրոն․ կարևորվելու են ոչ միայն ուսումնառողների, այլև բուհի աշխատակազմի որակի ապահովումը։
Ընդգծեց՝ աշխատում են մի քանի ուղղություններով՝ մշակում են հայեցակարգ, վեր են հանում կարիքները, նախատեսում են նաև վերապատրաստումներ։ Հանդիպմանն անդրադարձան նաև ուսանողների գնահատման, գիտելիքների ստուգման համակարգին, մշակված մեխանիզմներին, պարբերաբար կազմակերպվող մշտադիտարկումներին, որոնք առավել արդյունավետ և թափանցիկ են դարձնում ուսանողների հետ կապը, հնարավորություն տալիս կատարել համապատասխան կարիքների գնահատում, փաստաթղթավորել դրանք, տալ լուծումներ։
Կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնի աշխատակազմի հետ հանդիպմանը կառույցի ղեկավար Անի Հակոբյանը միջազգային փորձագետներին ներկայացրեց բուհի որակի ներքին ապահովման քաղաքականությունը, ընթացակարգերը, իրականացված աշխատանքները, գործընթացի արդյունավետությանը միտված մեխանիզմները։
Անդրադարձավ նաև կրթական ծրագրերի մշակման, մշտադիտարկման և բարելավման գործընթացին, որպես շահառու և գործընկեր կարևորեց դրանցում ուսանողների դերակատարումը, նրանցից ստացած հետադարձ կապը՝ ինչպես աշխատածավալի, այնպես էլ՝ մեթոդական առումով, նաև այն, թե ինչպես են նրանք պատկերացնում իրենց հետագա մասնագիտական գործունեությունը և դրանում բուհի դերակատարումը։
UCL ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան նաև բուհի մի շարք ֆակուլտետների և ամբիոնների ներկայացուցիչների հետ։ Քննարկման առանցքում կրթական ծրագրերի կառուցվածքն էր, մասնավորապես՝ «Հոգեբանություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» «Մաթեմատիկա» առարկաների ուսուցման մեթոդները, նկարագրերը, դրանց բովանդակության փոփոխությունները, ընտրովի դասընթացները, մասնագետներ պատրաստելու առանձնահատկությունները։
Բուհի ուսանողների հետ հանդիպմանը միջազգային փորձագետները հնարավորություն ունեցան ծանոթանալու նրանց դիտարկումներին՝ կրթության որակի, համալսարանական միջավայրի առանձնահատկությունների վերաբերյալ։
Վերջին հրապարակումներ
-
17.04.2026Բաց դռների օր՝ Մանկավարժականում