«Լեզու, մշակույթ և կրթություն․ արդի հիմնախնդիրներ»
20.04.2026
ՀՊՄՀ Օտար լեզուների ֆակուլտետում անցկացվեց «Լեզու, մշակույթ և կրթություն․ արդի հիմնախնդիրներ» խորագրով գիտաժողով՝ մասնագիտական կողմնորոշման նպատակով` բաց դռների օրվա ձևաչափով։
Մասնակցում էին Երևանի և մարզերի 5 դպրոցի աշակերտներ և ուսուցիչներ, ինչպես նաև դասախոսներ և ուսանողներ՝ Երևանի պետական և Եվրոպական համալսարաններից։
Ներկաներին ողջունեց ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանն ու հույս հայտնեց, որ նախաձեռնությունը կլինի ոչ միայն բաց դռների օր կամ ճանաչողական միջոցառում, այլ իսկապես կբացի դռներ՝ նոր ընկերության, բարեկամության և տարաբնույթ շփումների։
Նա դպրոցների ներկայացուցիչներին մաղթեց քաղել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը, իսկ համալսարանական գործընկերներին վստահեցրեց՝ իրենց մասնակցությունը մասնագիտական աջակցություն է և ունի կարևոր արժեք։
Դեկանն ընդգծեց՝ սա լավ հնարավորություն է աշակերտներին ծանոթացնելու Մանկավարժական համալսարանի հետ․ նախկինում մասնագիտությունները ներկայացվել են ընդհանրական ձևով, իսկ այս դեպքում տեղում ներկայացվել է փոքրիկ լաբորատորիա՝ մասնագիտությունը բաց է ներկայացված՝ ինչ ասպեկտներ ու հայեցակետեր ունի օտար լեզուն և օտար լեզվի դասավանդման մեթոդիկան, քերականությունը՝ բառագիտությունը, հնչյունաբանությունը, լեզվական մակարդակները, և ինչպես են դրանք դասավանդվում։
«Այսօրվա ակադեմիական միջոցառումը ոչ միայն տեսական ու գործնական արդյունքների, այլև ուսանողների ձայնը լսելի դարձնելու միջոցառում է, որտեղ նրանց համար անհնարինը կարող է դառնալ հնարավոր, վախերը՝ մեծ հարթակ հետագա կյանքի համար, և կամուրջները, որ կառուցում ենք տարբեր համալսարանների հետ, լինեն շարունակական»,- նշեց Ռոմանագերմանական լեզուների և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Մանանա Դալալյանը։
Միջոցառմանը «Հատուկ մանկավարժական պրակտիկա» սեղանիկի շուրջ համախմբված ուսանողները ներկայացրին բուհում մանկավարժական պրակտիկայի անցկացումը․դպրոցականների համար անգլերեն լեզվի գործնական քերականության առարկայից պատրաստվել էին նաև հարցաշարեր և փոքրիկ նվերներ։
Միջոցառումը շարունակվեց առցանց, որին միացան նաև միջազգային համալսարանների գործընկերներ։
Ձեռնարկը շարունակվեց «Լեզվաբանություն և մշակույթ» ու «Մանկավարժություն և մեթոդիկա» ուղղություններով մասնաճյուղերով, իսկ ամփոփվեց գործնական աշխատարաններով /Vorksshops/ ու ինտերակտիվ պարապմունքներով։
«Բաց դռների օրը կառուցողական իմաստ ունի՝ աշակերտները, ինչու ոչ, նաև ապագա ուսանողներն ավելի մոտիկից կծանոթանան Օտար լեզուների ֆակուլտետին, ինչպես նաև շրջանավարտներին, որոնց մի մասը մեր կոլեգաներն են»,- նշեց դեկանի տեղակալ և միջոցառման կազմակերպիչ Ռուզաննա Խաչատրյանը։
Վերջին հրապարակումներ
-
20.04.2026Քննարկվեց բուհում կրթության որակի ապահովումը
-
17.04.2026Բաց դռների օր՝ Մանկավարժականում