Կայքը փորձարկման փուլում է։

Ներկայացվեց հանրակրթական դպրոցի կառավարման ժամանակակից տեխնոլոգիաները

28.04.2026
Ներկայացվեց հանրակրթական դպրոցի կառավարման ժամանակակից տեխնոլոգիաները

«21-րդ դարի դպրոցը խորքային և արագ փոփոխությունների առջև է։ Եթե մի քանի տասնամյակ առաջ դպրոցը դիտվում էր միայն որպես գիտելիքի փոխանցման միջավայր, ապա այսօր այն դարձել է բարդ սոցիալ-կրթական համակարգ, որտեղ ուսուցիչների, սովորողների և ծնողների համագործակցությունն անմիջականորեն ազդում է կրթության որակի վրա»,- այսօր Մանկավարժականում կայացած գիտական սեմինարին նշեց Մանկավարժության ամբիոնի պրոֆեսոր Լաուրա Աաստրյանն ու հավելեց՝ նոր իրականության պայմաններում կարևորագույն հարց է ոչ միայն՝ ինչ են սովորում սովորողները, այլև ինչպե՞ս է կազմակերպվում և կառավարվում ուսումնական գործընթացը։

«Հանրակրթական դպրոցի կառավարման ժամանակակից տեխնոլոգիաները» թեմայի շրջանակներում պրոֆեսորը ներկայացրեց ժամանակակից դպրոցի կառավարման հիմնական տեխնոլոգիաները, գործող մոդելները, դրանց կառուցվածքն ու կիրառման հնարավորությունները կրթական կազմակերպության արդյունավետ զարգացման ապահովման գործում։

Բանախոսն անդրադարձավ նաև ժամանակակից դպրոցի կառավարումից դեպի թվային, տվյալահեն և համագործակցային կառավարման համակարգերի անցմանը։

Ըստ նրա, ժամանակակից դպրոցում յուրաքանչյուր որոշում կարող է և պետք է հիմնված լինի տվյալների վերլուծության, թվային կառավարման համակարգերի և համագործակցային մեխանիզմների վրա, ինչը նշանակում է, որ դպրոցը դառնում է ոչ միայն ուսուցման, այլև թվային և խելացի կառավարման միջավայր։ Այստեղ կառավարման տեղեկատվական համակարգերը, ուսուցման կառավարման հարթակները և տվյալների վերլուծական տեխնոլոգիաները գործում են մեկ միասնական համակարգում՝ ապահովելով կրթության որակի արդյունավետ կառավարում։


Ի՞նչն է որոշում դպրոցի հաջողությունը՝ լավ ուսուցիչնե՞րը, ժամանակակից տեխնոլոգիանե՞րը, թե՞ արդյունավետ կառավարման համակարգը հարցադրմանը պրոֆեսոր Լաուրա Ասատրյանը պատասխանեց՝ ժամանակակից կառավարման մոդելներն են հիշեցնում՝ արդյունավետ դպրոց ստեղծելու համար անհրաժեշտ է ոչ միայն լավ ուսումնական ծրագիր, այլև ճկուն, մտածված և համագործակցային կառավարում։

Ուստի, ըստ բանախոսի, ժամանակակից դպրոցի արդյունավետ կառավարումը պետք է դիտարկել ոչ միայն որպես վարչական գործընթաց, այլ կրթության զարգացման ռազմավարական և ստեղծարար գործունեություն․«Երբ դպրոցը կառավարվում է ժողովրդավարության, համագործակցության, վստահության և նորարարության սկզբունքներով, այն դառնում է ոչ միայն կրթության վայր, այլ զարգացող համայնք և ապագա ստեղծող միջավայր»,- որպես ամփոփում նշեց պրոֆեսոր Լաուրա Ասատրյանը։