Մանկավարժականում էր սերբագետ Բաբկեն Սիմոնյանը
29.04.2026
Բանասիրական ֆակուլտետը հերթական անգամ հյուրընկալել էր Հայաստանում Սերբիայի հյուպատոս, ՀՀ և Սերբիայի գրողների միության անդամ, բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, սերբագետ Բաբկեն Սիմոնյանին։
Ապագա բանասերների հետ հանդիպումն այս անգամ նվիրված էր հայ-սերբական թարգմանական գրականությանը։
Ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր Աշոտ Գալստյանը ներկայացրեց օրվա բանախոսին՝ սերբագետ Բաբկեն Սիմոնյանին, ապագա բանասերների համար կարևորեց թարգմանական գրականությունից օգտվելու անհրաժեշտությունը՝ նաև ընդգծեց՝ ամեն անգամ ուսանողների և դասախոսների առջև սերբագետը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ ու առաքելությամբ։
«Ավելի լավ միջազգային կապ, որ մենք իրականացնում ենք Բաբկեն Սիմոնյանի միջոցով, հնարավոր չէ պատկերացնել»,-նշեց Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը։
Պրոֆեսորն ընդգծեց՝ հայ-սերբական կապերը դարերի պատմություն ունեն․ պատահական չէ, որ Հովհաննես Թումանյանն ու Ավետիք Իսահակյանն կապված էին սերբ ժողովրդի հետ և սլավոնական ազգերի մեջ նրանց համարում էին ամենահերոսականը։
Աելիտա Դոլուխանյանն արժևորեց հյուրի կատարած աշխատանքը հայ-սերբական կապերի ամրապնդման համատեքստում, խոսեց նրա թարգմանական գործունեության մասին և վստահեցրեց՝ այնքան լավ է թարգմանել Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը, որ թվում է այն սերբերեն է գրվել։
Բաբկեն Սիմոնյանը, որ շուրջ հինգ տասնամյակ զբաղվում է թարգմանական գրականությամբ, նշեց՝ հայ-սերբական թարգմանական գրականությունը հնարավորություն է տվել երկու ազգերին իրար ավելի լավ ճանաչել։
Նա հանգամանորեն ներկայացրեց հայերենից սերբերեն և սերբերենից հայերեն իր կատարած թարգմանությունները՝ պոեզիա, արձակ։
Թարգմանությունների պսակն էր Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ը, որի համար Բաբկեն Սիմոնյանը առաջաբան է գրել, իսկ Աելիտա Դոլուխանյանը՝ պատմական ակնարկ։
Բաբկեն Սիմոնյանն առաջիկայում պատրաստվում է հայերենից սերբերեն թարգմանել Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանին»։
«Թարգմանական գրականությունն այն ազդակն է, առանց որի աշխարհի գրականության անցուդարձին չեն կարող տեղյակ լինել»,-վստահեցրեց օրվա բանախոսն ու ներկաներին հիացրեց Սերբիային և Հայաստանին նվիրված իր հսկայածավալ գործունեությամբ։
Վերջին հրապարակումներ
-
29.04.2026Բացահայտելով Երևանը․․․