- Մեդիա > Նորություններ >Բացահայտելով Երևանը․․․
Բացահայտելով Երևանը․․․
29.04.2026
«Իմ հին ու նոր Երևան» խորագիրն էր կրում ՀՊՄՀ N57 հիմնական դպրոցի 4բ դասարանի ավարտական ցերեկույթը։ Երևանն իր բազմադարյա պատմությամբ, մշակութային շերտերով և ժամանակակից շնչով դարձել էր յուրահատուկ կրթական նախաձեռնության առանցք, որին հնարավոր եղավ ականատես լինել տպավորիչ բեմականացմամբ։
Սովորական դասը տեղափոխվել էր քաղաքի փողոցներ․ Երևանի պատմության, ճարտարապետության, հին թաղամասերի, մշակութային կյանքի և քաղաքային առօրյայի մասին աշակերտների ուսումնասիրություններն ու մեկամսյա նախագծային աշխատանքը ներկայացվեց Կուլտուրայի ֆակուլտետի բեմում՝ որպես «կենդանի ճամփորդություն» Երևանով։
Նոր բացահայտումների սկիզբը խորհրդանշող ցերեկույթը մեկնարկեց երևանյան լուսաբացի տեսարանով, ապա հանդիսատեսը «միացավ» աշակերտների երևակայական շրջագայությանը՝ եղավ Կասկադում, Կոնդում, այցելեց Աբովյան փողոց, Հանրապետության հրապարակ և քաղաքի պատմական ու նշանավոր այլ վայրեր։
Երկխոսություններ, հումոր, դերային խաղեր․ հանդիսատեսը աշակերտների շնորհիվ բացահայտեց ու ծանոթացավ Երևանի անցյալի կարևոր դրվագներին, Ալեքսանդր Թամանյանի քաղաքաշինական գաղափարներին ու գլուխգործոցին, հին թաղամասերի պատմությանը, բացահայտեց ցայտաղբյուրների 50 գաղտնիքն ու մշակութային նշանակությունը, քաղաքի երբեմնի փոխադրամիջոցները, ինչպես նաև կորցրած ճարտարապետական արժեքները։
4բ դասարանի աշակերտները կատարեցին Երևանի մասին հայտնի ու սիրված կոլորիտային երգեր, ներկայացրին պարային կատարումներ՝ հանդիսատեսին տեղափոխելով քաղաքի տարբեր ժամանակաշրջաններ։
Աշակերտներն անդրադարձան նաև Երևանի կրթամշակութային կյանքին՝ նշելով, որ այն ոչ միայն Հայաստանի մայրաքաղաքն է, այլև երկրի կարևորագույն կրթական կենտրոններից մեկը, որտեղ գտնվում են բազմաթիվ դպրոցներ, համալսարաններ, գիտական հաստատություններ։
Աշակերտները Երևանի կրթական կարևոր օջախներից մեկն էլ համարեցին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, անդրադարձան կառույցի հիմնադրմանը, կրթական հարուստ ավանդույթներին։
Կրտսեր աբովյանականներն արժևորեցին նաև համալսարանի կազմում գործող դպրոցի դերը՝ որպես գիտելիքի, դաստիարակության և արժեքների փոխանցման կարևոր միջավայր, շնորհակալություն հայտնեցին տնօրենությանն ու ուսուցչական կազմին՝ նվիրված աշխատանքի, կրթական գործընթացում ունեցած կարևոր ներդրման համար։
«Երբեմն լավագույն դասերը հնարավոր է իրականացնել դասարանից, դպրոցից դուրս։ Այդպիսի դասերից մեկն էլ մեր մայրաքաղաքին նվիրված դասն էր»,- ավարտին նշեց 4 բ դասվար Տաթևիկ Աբրահամյանը։
Տոնական միջոցառմանը ներկա ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը խոստովանեց, որ տպավորված է․ բանիմաց, խելացի դպրոցականների միջոցով շրջեցին մայրաքաղաքով ու նոր բացահայտումներ արեցին՝ նաև զինվելով նոր գիտելիքներով։ Նա նկատեց՝ աշակերտները կյանքի նոր ու կարևոր փուլ են մտնում, որտեղ պիտի լինեն իրենց ինքնության, իմացության, պատմության և հիշողության կրողներ։