ՀՊՄՀ-ում ներկայացվեցին ապագա մոդելավորողների հեղիանակային հավաքածուները
22.05.2026
Մանկավարժական համալսարանում երիտասարդ ստեղծագործողների ստեղծարար մտքի, գեղարվեստական ճաշակի, անհատական մոտեցումների և մասնագիտական կարողությունների ներկայացման յուրօրինակ տոն էր։ Կայացավ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Հագուստի մոդելավորման բաժնի ուսանողների ավարտական աշխատանքների ցուցադրությունը։
Ավարտական դեֆիլեի շրջանակում մեկ բեմում ներկայացվեցին բակալավրիատի 17 ուսանողի՝ գույների, ձևերի, ժամանակակից լուծումների ու ազգային շեշտադրումների բազմազանությամբ աչքի ընկնող ավելի քան 70 հեղինակային աշխատանքից կազմված հավաքածուներ։
«Շարժման հեղափոխություն», «Լիլիթ», «Մախմուր աղջիկ», «Իսպանական շունչ», «Հայ կնոջ ուժը», «Վիշապագորգ», «Տիեզերք», «Հավատք», «Քոչարի»․ այս և այլ խորագրերով բազմաթեմա հավաքածուներում ապագա մոդելավորողները ներկայացրել էին ուսումնառության տարիներին ձեռք բերած մասնագիտական գիտելիքները, տարբեր գործվածքների և տեխնիկաների հետ աշխատելու հմտությունները, նորաձևության ժամանակակից միտումներն ազգային և համաշխարհային մշակութային տարրերի հետ համադրելու կարողությունը։
Հավաքածուները ցուցադրվում էին ինչպես հրավիրյալ պրոֆեսիոնալ մոդելների, այնպես էլ՝ առաջին անգամ նորաձևության 6 գործակալությունների սկսնակ մոդելների մասնակցությամբ, ինչը համագործակցության նոր ձևաչափ ու մասնագիտական փորձառություն էր թե՛ ապագա դիզայներների, թե՛ նորաձևության ասպարեզ մուտք գործող մոդելների համար։
Յուրաքանչյուր հավաքածու առանձնանում էր գաղափարական ամբողջականությամբ, ոճային ինքնատիպությամբ և ստեղծագործական համարձակ լուծումներով։ Ուսանողները, իրենց ղեկավարների անմիջական աջակցությամբ, անցան իրենց առաջին մասնագիտական ճանապարհը՝ իրականացնելով անդրանիկ ֆոտոշարքերը, ստեղծելով առաջին պորտֆոլիոները:
Ուսանողների աշխատանքները ղեկավարել են դասախոսներ Հռիփսիմե Մարոնյանը, Արամ Նիկոլյանը, Գայանե Եղիազարյանն ու Սոնա Սագրադովան։ Նրանց ուղղորդումները, խորհուրդները, դիտարկումները, մասնագիտական աջակցությունն ու փորձը կարևոր դեր են ունեցել հավաքածուների ստեղծման և ավարտին հասցնելու գործընթացում՝ ընդգծելով բուհում ուսանող-դասախոս արդյունավետ և հաջող համագործակցությունը, ինչպես նաև երիտասարդ դիզայներների ստեղծագործական ներուժը, ժամանակակից նորաձևության հանդեպ նրանց նորարար գաղափարները։
Ավարտական ցուցադրության ընթացքում ուսանողների աշխատանքները գնահատում էր մասնագիտական հանձնաժողովը՝ «Ատեքս» նորաձևության կենտրոնի տնօրեն Կարինե Դնոյանի նախագահությամբ։ Հանձնաժողովի կազմում էին ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը, ՀՀ նկարիչների միության քարտուղար Վահագն Գալստյանը, Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանն ու Կերպարվեստի ամբիոնի վարիչ Արտաշես Քեշիշյանը։
Ցուցադրությանը ներկա էին բուհի ղեկավար և դասախոսական կազմը, ուսանողներ, նորաձևության ոլորտի մասնագետներ, հյուրեր։
Շնորհավորելով կարևոր օրվա առթիվ՝ ՀՄՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը նշեց՝ ավարտական ցուցադրությունը լի էր ստեղծարարությամբ, երևակայության թռիչքով և մասնագիտական ինքնատիպ լուծումներով։
Նրա խոսքով՝ ներկայացված աշխատանքները վկայում են ուսանողների տաղանդի, հետևողական աշխատանքի և ստեղծագործական մտածողության մասին, իսկ մասնագիտական ժյուրիի արձագանքն ու գնահատականները կարևոր խթան կդառնան հետագա զարգացման և նոր հաջողությունների ճանապարհին։
Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը շրջանավարտներին մաղթեց, որ բուհական ուսումնառության ավարտը դառնա նոր ձեռքբերումների, ստեղծագործական վերելքների և մասնագիտական հաջողությունների սկիզբ։
Նա իր երախտագիտությունը հայտնեց դասախոսներին՝ նրանց նվիրված աշխատանքի, փոխանցած գիտելիքի, փորձի և արժեքների համար․«Դուք ոչ միայն կրթում ու սովորեցնում եք, այլև ձևավորում եք նոր սերունդ, նրանց ճանապարհում դեպի կյանք։ Մեր պետության ուժն ու հաստատուն ապագան կառուցում են հենց այս երիտասարդները»։
Լիլիթ Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց նաև միջոցառման կազմակերպմանն աջակցած և համագործակցած բոլոր կողմերին և շնորհալագրեր հաձնեց ցուցադրությանն աջակից մոդելային ստուդիաների և գործակալությունների ներկայացուցիչներին:
Վերջին հրապարակումներ
-
22.05.2026Հրաժեշտի զանգ՝ ՀՊՄՀ հիմնական դպրոցում
-
21.05.2026Մասնակցեցին «Միջազգային շաբաթ»-ին