Կայքը փորձարկման փուլում է։

Հրաժեշտի զանգ՝  ՀՊՄՀ հիմնական դպրոցում

22.05.2026
Հրաժեշտի զանգ՝  ՀՊՄՀ հիմնական դպրոցում

Եվս մեկ սերունդ այսօր հրաժեշտ տվեց ՀՊՄՀ 57 հիմնական դպրոցին՝ իր հետ տանելով դպրոցական տարիների ամենաջերմ հիշողությունները։ Հրաժեշտ տվեց այն մտայնությամբ, որ  յուրաքանչյուր  ավարտ  ազդարարում է նորի սկիզբը՝  հաստատակամությամբ, վստահությամբ և  լի հավատով։

 

«Վերջին զանգ»-ի տոնական միջոցառմանը ներկա էին ՀՊՄՀ ղեկավար կազմը, մանկավարժներ, ծնողներ և հյուրեր։

 

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյան շնորհավորեց ավարտական դասարանների աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին՝ հուզիչ, բայց միևնույն ժամանակ կյանքի նոր ու պատասխանատու փուլն ազդարարող օրվա առթիվ։

 

Նա շրջանավարտներին մաղթեց մեծ հաջողություններ և նոր ձեռքբերումներ՝ վստահություն հայտնելով, որ առաջիկա կարևոր փուլերում ևս միասին են լինելու՝ շարունակելով կրթական ճանապարհը թե՛ բուհի ավագ դպրոցում, թե՛ համալսարանական հարկի ներքո՝ նոր գիտելիքներ, փորձառություն և հմտություններ ձեռք բերելու ճանապարհին։

 

Լիլիթ Մկրտչյանը կարևորեց աշակերտների կյանքում ներկաներից յուրաքանչյուրի դերակատարումը՝ նրանց ոգեշնչելու, թևեր տալու, ճիշտ ուղղորդելու և նոր բացահայտումների ճանապարհ ցույց տալու առումով։

 

Նա առանձնահատուկ ընդգծեց ուսուցիչների դերը՝ սերնդին ոչ միայն գիտելիք և հմտություն, այլև կյանքի փորձ, արժեհամակարգ և մարդկային կարևոր սկզբունքներ փոխանցելու գործում ունեցած անգնահատելի ներդրման համար։

 

Պատասխանատվություն, կարգապահություն, նպատակասլացություն, հոգատար  վերաբերմունք,  որոնք  հասունացրել են,  գիտելիք փոխանցել, դարձրել աշխատասեր․ աշակերտները երգերի, բանաստեղծական տողերի, շնորհակալական խոսքերի միջոցով խոստովանեցին՝  9 տարի առաջ դպրոցն իրենց առաջ բացեց իր ջերմ դռները, իր հյուրընկալ պատերի ներքո փայփայեց, մեծացրեց, կոփեց, սովորեցրեց հավատալ սեփական ուժերին։

 

Հրաժեշտ տալով դպրոցին խոստացան՝ ուսուցիչների փոխանցած գիտելիքները,  խորհուրդները միշտ իրենց հետ են լինելու․  կկարոտեն այն տարիները, որոնք մի ակնթարթի նման աննկատ սահեցին իրենց կողքով` անցյալում թողնելով անթիվ ու անփոխարինելի հիշողություններ։

 

ՀՊՄՀ 57 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյան շնորհավորանքի խոսքում նշեց՝ «Վերջին զանգ»-ը խորհրդանշում է ոչ միայն դպրոցական կյանքի ավարտը, այլև նոր ճանապարհի, նպատակների ու ինքնուրույն կյանքի մեկնարկը։

 

Նրա խոսքով՝ ավարտվում է  դպրոցական  կյանքի ամենաերկար փուլերից մեկը, սակայն առջևում նոր հնարավորություններ են, պատասխանատվությամբ և ձեռքբերումներով լի ճանապարհներ։

 

Նաիրա Տողանյանը վստահություն հայտնեց, որ շրջանավարտները պատվով ու արժանապատվությամբ կհաղթահարեն կյանքի բոլոր փորձությունները, կկայանան որպես գիտակից, հայրենասեր և պատասխանատու քաղաքացիներ՝ իրենց գիտելիքներով ու մարդկային արժեքներով նպաստելով հասարակության և երկրի զարգացմանը։

Նաիրա Տողանյանը նշեց՝  միջոցառման ընթացքում ուսուցիչներին ուղղված յուրաքանչյուր շնորհակալական խոսք ու հուզիչ տող լավագույն գնահատականն է նրանց տարիների նվիրական աշխատանքի համար։

Նա ընդգծեց, որ ուսուցիչների համբերատարությունը, հոգատարությունը, մասնագիտական բարձր պատրաստվածությունն ու մարդկային արժեքները մեծ դեր ունեն սերունդների կրթության և դաստիարակության գործում։

 

Տնօրենը երախտագիտության խոսք ուղղեց նաև ծնողներին՝ մշտապես դպրոցի կողքին լինելու, համագործակցելու,  վստահելու և աջակցելու համար։

 

«Մեր դպրոցը տարիների ընթացքում կերտել է իր ուրույն դեմքն ու դիմագիծը՝ արժանի տեղ զբաղեցնելով քաղաքի և հանրապետության լավագույն կրթօջախների շարքում։ Մենք հպարտ ենք, որ այս կրթօջախի սաներն ենք և խոստանում ենք պատվով կրել նրա անունը, մեր գիտելիքներով ու նվիրումով շենացնել սիրելի հայրենիքը, իրականություն դարձնել մեր ծնողների ու ուսուցիչների երազանքներն ու սպասելիքները։ Պարտավորվում ենք լինել արժանապատիվ, պատասխանատու և հայրենասեր քաղաքացիներ»,- ամփոփեցին դպրոցականները։

 

Շրջանավարտները հուզմունքով նշեցին, որ փակվում է իրենց կյանքի ամենակարևոր ու հիշարժան էջերից մեկը, սակայն դպրոցն իրենց տվել է ոչ միայն գիտելիք, այլև կյանքի համար ամենակարևոր արժեքներն ու դասերը՝ սիրել, գնահատել, պայքարել, չհանձնվել և հավատալ սեփական երազանքներին։