154 շրջանավարտ հրաժեշտ տվեց ՀՊՄՀ Հենակետային վարժարանին
22.05.2026
ՀՊՄՀ Հենակետային վարժարանում հնչեց «Վերջին զանգը». կրթօջախն այս տարի կյանք ճանապարհեց 154 շրջանավարտի՝ այն վստահությամբ, որ հետագա տարիներին ունենալու են բազմաթիվ հաջողություններ՝ հիմքում վարժարանում անցած գեղեցիկ, գունեղ և երջանիկ ժամանակահատվածը։
Ավարտական 7 դասարանների աշակերտներն իրենց կրթելու, ձևավորելու համար երախտագիտության խոսքեր հայտնեցին ուսուցիչներին՝ վստահեցրին՝ նրանց համբերությունը, ջերմ վերաբերմունքը, հավատն ու հոգատարությունն անգնահատելի են և կմնան իրենց հիշողություններում, սրտերում:
Մանկավարժական համալսարանը երկար ու ձիգ տարիներ վարժարանի կողքին է․ ուսումնառության ավարտի առթիվ շրջանավարտներին շնորհավորեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը։
Նա շրջանավարտներին մաղթեց, որ կյանքի նոր ու պատասխանատու փուլում առաջնորդվեն ուսումնառության տարիներին ձեռք բերած գիտելիքներով, արժեքներով, իմացությամբ և հմտություններով, կարողանան վստահությամբ հաղթահարել կյանքի փորձությունները, կայանալ որպես արժանապատիվ մարդ, պատասխանատու քաղաքացի և մրցունակ մասնագետ՝ իրենց ներուժն ու կարողությունները ծառայեցնելով դպրոցի, բուհի և հայրենիքի զարգացմանը։
Լիլիթ Մկրտչյանն առանձնահատուկ երախտագիտությամբ անդրադարձավ ուսուցիչներին՝ կարևորելով նրանց նվիրումն ու առաքելությունը․ սերնդեսերունդ փոխանցել գիտելիք, փորձառություն և մարդկային արժեքներ, կրթել ու ճանապարհել նոր սերնդին դեպի ինքնուրույն կյանք։
Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը շնորհակալության խոսք հղեց նաև ծնողներին՝ մշտական սիրո, վստահության, համագործակցության և կրթության ճանապարհին ցուցաբերած անսպառ աջակցության համար։
Հիշարժան օրվա առթիվ վարժարանցիներին շնորհավորեց և բարի երթ մաղթեց նաև Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր, դպրոցի երկարամյա նախկին տնօրեն Նաիրա Սաֆարյանը։
«Գիտեմ, որ ձեզանից յուրաքանչյուրն ունի պատանեկան բազմաթիվ երազանքներ։ Մաղթում եմ, որ տարիների ընթացքում կուտակած գիտելիքներով, տոնական բարձր տրամադրությամբ և հաստատակամությամբ քայլեք դեպի ձեր նվիրական նպատակների իրականացում։ Վստահ եմ՝ դուք կմիանաք այն մեծ ու արժանավոր ընտանիքին, որը ձևավորվել է վարժարանի 30-ամյա նվիրյալ աշխատանքի ու արժեքավոր ավանդույթների շնորհիվ»,-նշեց նա։
Նաիրա Սաֆարյանը վստահություն հայտնեց, որ շրջանավարտները պատվով կկատարեն իրենց առաքելությունը․ գիտելիքով, ստեղծարար մտքով և նորարար գաղափարներով կնպաստեն երկրի զարգացմանն ու նոր ձեռքբերումների կերտմանը։
Տոնական միկջոցառմանը վարժարանցիները հանդես եկան նաև երաժշտական, պարային կատարումներով։ Ավարտական դասարանների աշակերտները նկատեցին՝ կանգնած են մի սահմանագծի, որտեղ ներկան վայրկյանների ընթացքում վերածվում է անցյալի, իսկ երազանքները դառնում են ապագայի նախագծեր։
Նրանք շնորհակալություն հայտնեցին վարժարանին՝ ուժեղացնելու, ծնողներին՝ իրենց կողքին լինելու, ընկերներին՝ այս պատմությունը միասին գրելու համար։
«Վարժարանը մեզ տվեց հենակետ, իսկ մենք այդ հենակետից ստեղծեցինք մեր սեփական պտույտը։ Այս երեք տարիները մեզ սովորեցրին ամենակարևորը՝ չվախենալ բարդություններից։ Եթե խնդիրը դժվար է, ուրեմն այն արժե լուծել և սխալվելը վերջը չէ․ դա պարզապես միջանկյալ քայլ է դեպի ճիշտ պատասխան»,- իրենց ելույթներում նշեցին վարժարանցիներն ու հավելեցին՝ այսօր փակում են մի էջ, որ վաղը սկսեն գրել նորը՝ ավելի մեծը, կարևորը, իրենց կյանքի գլխավոր պատմությունը։
Հրաժեշտի տոնական ելույթն ամփոփվեց այն վստահությամբ, որ կրթօջախի պատերի ներքո դեռ շատ սերունդներ են կրթվելու և դաստիարակվելու՝ հայեցի, ազնիվ և հայրենիքին նվիրված։
Վերջին հրապարակումներ
-
22.05.2026Հրաժեշտի զանգ՝ ՀՊՄՀ հիմնական դպրոցում
-
21.05.2026Մասնակցեցին «Միջազգային շաբաթ»-ին