Քննություն-համերգ՝ նվիրված 50-ամյա հոբելյանին
26.05.2026
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ ՀՊՄՀ Պարարվեստի բաժնի 4-րդ կուրսի ավարտական քննություն-համերգը։
2025-2026 ուսումնական տարվա ավարտական քննությունը համընկավ կարևոր իրադարձության ՝ Պարարվեստի մանկավարժության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի հիմնադրման 50-ամյակի հետ։
Կես դար այն եղել է հանրապետության պարարվեստի միակ բարձրագույն գիտական կառույցը, որի պրոֆեսորադասախոսական կազմի շնորհիվ մասնագիտական կրթություն են ստացել հարյուրավոր ուսանողներ:
Նրանցից շատերն աշխարհի տարբեր անկյուններից տեսաուղերձի միջոցով շնորհավորեցին հարազատ կրթօջախին՝ ընդգծելով նրա կարևոր դերակատարումը մասնագիտական առաջընթացում։
Ի թիվս այլ շնորհավորանքների, իրադարձության առթիվ ուղերձ հղեց նաև ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը։ Օրը Մանկավարժականի համար նա կրկնակի տոն համարեց․ ոչ միայն ճանապարհում են պարարվեստի բաժնի հերթական շրջանավարտներին, այլև նշում են ամբիոնի հիմնադրման 50-ամյակը՝ կեսդարյա մի ճանապարհ, որը լի է ստեղծագործ նվիրումով, մասնագիտական ձեռքբերումներով և ազգային մշակույթի պահպանման ու զարգացման կարևոր առաքելությամբ․«Սիրելի շրջանավարտներ, դուք ավարտում եք մի բաժին, որի պատմությունը գրված է նվիրյալների աշխատանքի, արվեստի հանդեպ սիրո և ազգային արժեքներին հավատարմության շնորհիվ։ Դուք այդ պատմության կրողն ու շարունակողն եք։ Ձեր ուսերին է դրված ոչ միայն մասնագիտական հաջողությունների հասնելու, այլև հայկական պարարվեստի ոգին պահպանելու և նորովի ներկայացնելու պատասխանատվությունը»,-նշեց նա և առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ամբինոի պրոֆեսորադասախոսական կազմին, որոնք տարիներ շարունակ իրենց փորձով, համբերությամբ և նվիրումով զարգացրել են հայկական պարարվեստի լավագույն ավանդույթները։
ՀՊՄՀ Պարարվեստի մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյանը շնորհավորական խոսքում ընդգծեց, որ ամբիոնի 50-ամյա ճանապարհը կերտվել է իրենց առաքելությանը հավատարիմ նվիրյալների անմնացորդ սիրո, մշակութային խիզախումների, ստեղծագործական մտքի և ազգային մշակույթի նկատմամբ ունեցած հավատարմության շնորհիվ։
Այս տարի համերգային ծրագիրը բազմաժանր էր՝ դասական պարի բաց դասի ներկայացումից մինչև ժողովրդական պարեր, համաշխարհային պարաոճերի կատարումներ, այդ թվում՝ իսպանական ֆլամենկո, վրացական դավլուրի, հունական սիրտակի, ռուսական խոռովոդ, իտալական տարանտելա և այլն։
Նախագծի հեղինակն ու գեղարվեստական ղեկավարը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՊՄՀ Պարարվեստի մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյանն էր, կուրսի ղեկավարը՝ Գոհար Աբրահամյանը, փորձավար-պարուսույցը՝ Լուսինե Առաքելյանը։
Համերգի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ նաև վայելելու տարբեր տարիների ավարտական խորեոգրաֆիկ ներկայացումներից հատվածներ՝ «Քաջ Նազար», «Գիքոր», «Երևանը մենք ենք», «Խոշոր շահում» և այլն։
Երեկոյի ընթացքում տեսաֆիլմի միջոցով ներկայացվեցին ուսումնառության ընթացքից հատվածներ՝ ծանոթություն հայ և եվրոպական պարանմուշների, պարերի ծագումնաբանությանը, խորեոգրաֆիկ կառուցվածքին և այլն։
Վերջին հրապարակումներ
-
26.05.2026Հայտնի են օլիմպիադայի հաղթողները
-
25.05.2026100 բանաստեղծություն՝ Զարեհ Խրախունուց