Կայքը փորձարկման փուլում է։

Լիլիթ Մկրտչյանը մասնակցեց «Կենդանի գրադարան» միջոցառմանը

27.05.2026
Լիլիթ Մկրտչյանը մասնակցեց «Կենդանի գրադարան» միջոցառմանը

ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանն օրերս մասնակցեց «Կենդանի գրադարան» միջոցառմանը, որի առանցքում ֆրանսերենի՝ որպես ոչ միայն մշակույթի ու հաղորդակցության լեզվի, այլև մասնագիտական զարգացման կարևոր գործոնի ներկայացումն էր։

Ձեռնարկի նպատակն էր ընդգծել, որ ֆրանսերենի իմացությունն այսօր կարող է դառնալ մրցակցային առավելություն՝ ստեղծելով լայն հնարավորություններ տարբեր ոլորտներում։

Մասնագիտական կողմնորոշման ձևաչափով կազմակերպված հանդիպումը Մանկավարժական համալսարանում էր մեկտեղել ֆրանսախոս մասնագետների և հիմնական դպրոցների շուրջ 60 աշակերտի՝ ստեղծելով բաց ու անմիջական հաղորդակցության միջավայր։

«Կենդանի գրադարան»-ին ներկա էին նաև Հայաստանում Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Էրիկ դե Մույնքը, դերասան և ռեժիսոր Սերժ Ավետիքյանը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ծրագրերի ղեկավար Հուլե Քեշիշյանը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Արմեն Մնացականյանը, ազդեցիկ այլ ֆրանկոֆոն ներկայացուցիչներ։

Լիլիթ Մկրտչյանը կարևորեց հանդիպումն ու նշեց՝ սա ևս մեկ գեղեցիկ առիթ է վերաարժևորելու այն մեծ ու համերաշխ ընտանիքը, որը կոչվում է Ֆրանկոֆոնիա, ինչպես նաև խոսելու մասնագիտական կողմնորոշման մասին։

Ըստ նրա, Ճիշտ ընտրած մասնագիտությունը ոչ միայն ապագայի հաջողության գրավականն է, այլև մարդու ինքնադրսևորման ու հասարակությանը օգտակար լինելու ճանապարհ․ «Ժամանակակից աշխարհում կրթությունը դարձել է այն ամուր հենքը, որի վրա կառուցվում են գիտելիքն ու ստեղծարարությունը: Յուրաքանչյուր երիտասարդ պետք է կարողանա բացահայտել իր կարողությունները, հետաքրքրություններն ու ընտրել այն ուղին, որը կտանի դեպի երազանքներ»,-ողջույնի խոսքում նշեց Լիլիթ Մկրտչյանն ու ընդգծեց՝ Մանկավարժական համալսարանը տարիներ շարունակ եղել և շարունակում է մնալ կրթության, գիտության ու ազգային արժեքների պահպանման կարևոր կենտրոններից մեկը, որտեղ ուսանողները ստանում են ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև ձևավորվում որպես պատասխանատու, նախաձեռնող և մարդասեր անհատներ։

Լիլիթ Մկրտչյանն ընդգծեց Ֆրանսերենի կարևորությունն ու հնարավորությունները՝ հաղորդակցման և համաշխարհային մշակութային երկխոսության մասնակիցը դառալու առումով, և դիմելով աշակերտներին նշեց՝ նրանք այն սերունդն են, որը կրթության բանալիով պետք է բացի այսօրվա ու վաղվա օրվա լուսավոր դռները։


Ինչպես միջոցառման ընթացքում նշեցին կազմակերպիչները՝ սա սովորական գրադարան չէ․ այստեղ «գրքերը» մարդիկ են՝ իրենց փորձով, հաջողություններով և անցած ճանապարհով։

Մասնակից աշակերտները լսեցին հյուրերի անձնական ու մասնագիտական պատմությունները, ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ավելի հստակ պատկերացում կազմեցին օտար լեզվի, մասնավորապես՝ ֆրանսերենի իմացության ընձեռած հնարավորությունների մասին։