Հայտնի են օլիմպիադայի հաղթողները
26.05.2026
Մանկավարժական համալսարանում ամփոփվեցին դպրոցականների հանրապետական և ՀՊՄՀ բակալավրի համահամալսարանական օլիմպիադաների արդյունքները։
Ամենամյա ձեռնարկն անցկացվում է Մանկավարժության ամբիոնի նախաձեռնությամբ․ նպատակն է բացահայտել դպրոցականների սպասելիքները 21-րդ դարի ուսուցչից, նպաստել նրանց մասնագիտական կողմնորոշմանը, ուսուցչի մասնագիտության նկատմամբ հետաքրքրությանը։
Այս տարի «Մանկավարժություն» առարկայից դպրոցականների օլիմպիադան անցկացվեց 3 փուլով, որին մասնակցեց 30 իններորդցի։ Առաջին փուլը հաղթահարեց 17-ը՝ լրացնելով դպրոցական մանկավարժության վերաբերյալ թեստ։ Հաջորդ փուլ անցածները գրեցին «Բուլինգը դպրոցում» թեմայով էսսե, իսկ երրորդ փուլը հաղթահարած 9 աշակերտ ներկայացրեց «21-րդ դարի ուսուցիչը իմ պատկերացմամբ» թեմայով աշխատանք։
Նախանշված չափանիշներով օլիմպիադայի կազմկոմիտեն «Մանկավարժություն» առարկայից դպրոցականների հանրապետական օլիմպիադայում հաղթող ճանաչեց Երևանի Վաղարշ Վաղարշյանի անվան N 80 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Մարգարիտա Բեգլարյանին։
Վերջինիս պատկերացմամբ՝ 21-րդ դարի ժամանակակից ուսուցիչը պետք է լինի գիտելիքի լույս, մարդկութայն օրինակ և ոգեշնչման աղբյուր։ Ըստ նրա, ուսուցիչ լինելը պարզապես մասնագիտություն չէ, այլ՝ առաքելություն․«Նա այն մարդն է, ով կառուցում է ապագան՝ կրթելով սերունդներին։ Լավ ուսուցիչը կարող է փոխել մեկ երեխայի կյանքը, իսկ այդ երեխան ապագայում կարող է փոխել ամբողջ աշխարհը»,- իր ելույթում նշեց նա։
Մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը, ամփոփելով ներկայացված ելույթները, կարևորեց, որ մասնակիցների մեծամասնությունը ուսուցչի համար առաջնային է համարում ոչ միայն գիտելիքն ու մասնագիտական պատրաստվածությունը, այլև բարությունն ու բարձր արժեքները։
Նրա խոսքով՝ մեր օրերում կրթված լինելն արդեն սովորական երևույթ է և հազվադեպ է զարմանք առաջացնում, մինչդեռ իրական մտահոգիչը բարեկրթության, մարդկային վերաբերմունքի և արժեքային համակարգի պակասն է․հենց այս հատկանիշներն են ձևավորում իսկական մանկավարժին՝ նրան դարձնելով ոչ միայն գիտելիք փոխանցող, այլև սերունդ կրթող և արժեհամակարգ ձևավորող անհատ։
Օլիմպիադային ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար Աիդա Թափուզյանը մասնակից դպրոցականներին հանձնեցին հավաստագրեր։
Ձեռնարկի ընթացքում հայտնի դարձան նաև ՀՊՄՀ բակալավրիատի ուսանողական օլիմպիադայի արդյունքները։ Այս դեպքում նպատակն էր խորացնել բակալավրիատի ուսանողների մանկավարժական գիտելիքները, ամրապնդել պրակտիկ գործունեության կարողություններն ու հմտությունները, նպաստել մանկավարժական մտածելակերպի ձևավորմանը:
Օլիմպիադայի առաջին փուլի մասնակիցները լրացրել էին մանկավարժության պատմության վերաբերյալ թեստ։ Երկրորդ փուլ անցած 28 ուսանող ներկայացրել էր մանկավարժական իրավիճակներ, տվել դրանց լուծման առնվազն երկու տարբերակ, հիմնավորել տեսակետը։ Այս փուլը հաղթահարած 17 մասնակից 3-րդ փուլում ներկայացրեց անհատական և խմբային նախագիծ՝ «Մանկության ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով։
Ուսանողները ցուցադրեցին տեսաֆիլմեր, որոնցում անդրադարձան մանկության ներկայիս հիմնախնդիրներին, մասնավորապես՝ երեխայի կյանքում խաղի դերի նվազմանն ու իրական շփումները վիրտուալ աշխարհով փոխարինելուն։
Օլիմպիադայում հաղթող ճանաչվեցին Բանասիրական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողներ Լիանա Թովմասյանը, Մայա Ջամալյանն ու Արփինե Ստեփանյանը։
Օլիմպիադայի մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր, իսկ հաղթողները՝ նվերներ և դիպլոմներ։
Վերջին հրապարակումներ
-
25.05.2026100 բանաստեղծություն՝ Զարեհ Խրախունուց