Հոբելյանական միջոցառում՝ նվիրված Հրավարդ Հակոբյանի 95-ամյակին
02.07.2026
Արվեստագիտության դոկտոր Հրավարդ Հակոբյանը 95 տարեկան է․ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում նշեցին Մատենադարանի ավագ գիտաշխատող, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանի հոբելյանը։
Միջոցառմանը ներկա էին նաև ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը, բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։
Հրավարդ Հակոբյանի գիտական և մանկավարժական գործունեությունը երկար տարիներ կապված է եղել ՀՀ ԳԱԱ-ի, Մանկավարժական համալսարանի և Մատենադարանի հետ։
Մանկավարժական համալսարանում նա հիմնադրել է Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնը՝ նշանակալի ներդրում ունենալով արվեստագիտական կրթության և գիտության զարգացման գործում։
Հոբելյարին ողջունեց Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը՝ նշելով, որ Հրավարդ Հակոբյանի նման անհատների հետ շփումը հնարավորություն է տալիս հաղորդակից դառնալու ոչ միայն նրանց հարուստ կենսափորձին, այլև մի ամբողջ պատմական ժամանակաշրջանի։
Նրա խոսքով՝ գիտնականի յուրաքանչյուր դիտարկում և գնահատական արժեքավոր վկայություն է հայ մշակույթի ու արվեստի պատմության համար։
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց «Կյանքը Մատենադարանում» վավերագրական ֆիլմը, որի հերոսը Հրավարդ Հակոբյանն էր։ Ֆիլմում նա պատմում է Մատենադարանում իր գործունեության սկզբի, գիտական ճանապարհի և այն բացառիկ միջավայրի մասին, որը շուրջ 65 տարի եղել է իր ստեղծագործական ու հետազոտական գործունեության կենտրոնը։
Խոսելով մշակույթի և արվեստի զարգացման մասին՝ Հրավարդ Հակոբյանն ընդգծեց, որ Մատենադարանը հայ ժողովրդի պատմության, հիշողության և ինքնության կարևորագույն խորհրդանիշներից է՝ վստահություն հայտնելով, որ ազգային մշակույթն ու արվեստը նոր վերելք կապրեն նաև մեր օրերում։
Շնորհավորական ուղերձներում մտավորականները, կրթության ոլորտի ներկայացուցիչները, մշակույթի բանախոսները փաստեցին՝ Հրավարդ Հակոբյանը վաղուց դարձել է հայ արվեստագիտության խորհրդանիշներից մեկը։
Միջոցառման ավարտին ներկայացվեց նաև նրա հեղիանակած «Խիզանի մանրանկարչության արվեստանոցը» պատկերագիրը։ Գրքի խմբագիր Լուսինե Սարգսյանը խոսեց աշխատության բովանդակության, գիտական նորույթի և արվեստագիտական արժեքի մասին՝ ընդգծելով դրա կարևորությունը հայկական մանրանկարչության ուսումնասիրության համար։