Համագործակցության նոր փուլ՝ ՀՊՄՀ-ի և «Լուսէ» վերականգնողական կենտրոնի միջև
03.07.2026
Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը և «Լուսէ» վերականգնողական կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Գալստյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի նպատակն է համատեղ ծրագրերի միջոցով նպաստել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք և հաշմանդամություն ունեցող երեխաների կրթությանն ու զարգացմանը, խթանել փորձի փոխանակումը, ինչպես նաև ամրապնդել երկու կառույցների համագործակցությունը կրթության և վերականգնողական ծառայությունների ոլորտներում։
Նախատեսվում է ձևավորել մասնագիտական կամավորական խմբեր ՀՊՄՀ Հատուկ և ներառական կրթության, Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի, ինչպես նաև Սկզբնական կրթության ֆակուլտետների ուսանողներից, կազմակերպել արտթերապիայի և խեցեգործության թերապևտիկ պարապմունքներ, մասնագիտական սեմինարներ և ուսուցողական դասընթացներ, ապահովել ուսանողների մասնագիտական պրակտիկան «Լուսէ» կենտրոնի «ԱՐՄԱԹ» լաբորատորիայում, իրականացնել համատեղ գիտական ու կրթական ծրագրեր, հետազոտություններ և սոցիալ-մշակութային նախաձեռնություններ։
«Լուսէ» վերականգնողական կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Գալստյանն ընդգծեց, որ կենտրոնի մասնագետների զգալի մասը Մանկավարժական համալսարանի շրջանավարտներ են, որոնց մասնագիտական պատրաստվածությունն ու նվիրված աշխատանքը կարևոր ներդրում ունեն կենտրոնի զարգացման գործում։
Իսկ Լիլիթ Մկրտչյանը նկատեց, որ համագործակցությունը մեկնարկում է ոչ թե միայն փաստաթղթի ստորագրմամբ, այլ նույն օրվանից իրականացվող համատեղ նախաձեռնություններով, ինչը լավագույն ապացույցն է, որ հուշագրով ամրագրված պայմանավորվածությունները գործնական շարունակություն են ունենալու տարբեր ուղղություններով։
Հուշագրի ստորագրումից հետո ՀՊՄՀ Զարգացման և կրթության հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Վարդանյանն անցկացրեց «Ստիգմաների և կարծրատիպերի հաղթահարում․ սոցիալ-հոգեբանական մոտեցումներ» թեմայով մասնագիտական սեմինար-քննարկումը, անդրադարձավ ներառական միջավայրի ձևավորման հոգեբանական նախադրյալներին։
Սեմինարի ընթացքում ներկայացվեցին նաև գործնական գործիքներ և վարժություններ, որոնք կարող են կիրառվել կարծրատիպերի հաղթահարման և ներառական միջավայրի ձևավորման գործընթացում։ Սեմինարին մասնակցում էին աուտիզմ ունեցող երեխաների ծնողներ։
Միջոցառման ընթացքում իր կյանքի պատմությունն ու հաջողության ճանապարհը ներկայացրեց Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի 18-ամյա ուսանող Վահագն Սեմերջյանը, որը նախատեսել է ուսանել Մանկավարժական համալսարանում։
Նա խոսեց իր փորձի, դժվարությունների հաղթահարման և կրթության կարևորության մասին. «Կարևոր է, որ մարդիկ, ովքեր ինձ հետ շփվում են, հասկանան իմ առանձնահատկությունները և աջակցեն ինձ, ստեղծեն խաղաղ և հասկանալի միջավայր՝ զարգանալու և հաղորդակցվելու համար։ Ես փորձում եմ միշտ աշխատել ինքնազարգացման վրա, սովորել շփվել մարդկանց հետ»,-նշեց նա։
ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը և բուհի ղեկավար կազմի ներկայացուցիչները ծանոթացան «Լուսէ» վերականգնողական կենտրոնի գործունեությանը, իրականացվող վերականգնողական և կրթական ծրագրերին, մասնագիտական միջավայրին։
Շրջայցի ընթացքում նրանք հանդիպեցին նաև կենտրոնում աշխատող ՀՊՄՀ շրջանավարտների, որոնք ներկայացրին իրենց մասնագիտական գործունեությունը, աշխատանքային փորձն ու մասնագիտական կայացման ուղին։