Գիտելիքի և դպրության օրը Մանկավարժական համալսարանում

01.09.2026
Գիտելիքի և դպրության օրը Մանկավարժական համալսարանում

Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրը, Մանկավարժական համալսարանի 10 ֆակուլտետների առաջին կուրսեցիները հանդիպեցին ՀՊՄՀ ղեկավար, վարչական և դասախոսական կազմի, ուսանողական կառույցների ներկայացուցիչների հետ։

2026-2027 ուսումնական տարում Մանկավարժական համալսարանն իր դռները բացեց առկա ուսուցման համակարգում բակալավրիատ և մագիստրատուրա ընդունված 1087 ուսանողի առջև։ Նրանցից յուրաքանչյուրի համար սեպտեմբերի 1-ը դարձավ ոչ միայն նոր ուսումնական տարվա, այլև կյանքի կարևորագույն փուլերից մեկի՝ համալսարանական ճանապարհի մեկնարկը։

Առաջին կուրսեցիներին շնորհավորեց ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը՝ կարևորելով համալսարանն ընտրելու և մասնագիտական ճանապարհը Մանկավարժականի հետ անցնելու նրանց որոշումը։

Նա ընդգծեց, որ Մանկավարժականի ուսանողներին վստահված է առանձնահատուկ պատասխանատվություն․ «Դուք ընտրել եք մի մասնագիտություն, որը պարզապես աշխատանք չէ։ Ձեզ է վստահվելու ամենակարևոր առաքելություններից մեկը՝ կրթել, դաստիարակել և ձևավորել հաջորդ սերունդներին»,-նշեց Լիլիթ Մկրտչյանը՝ առաջին կուրսեցիներին մաղթելով նպատակասլացություն, հետաքրքրասիրություն և մասնագիտական նվիրում։

Հանդիպման ընթացքում բուհի ղեկավարությունը հետաքրքրվեց ուսանողների մասնագիտական ընտրությամբ, ապագայի վերաբերյալ նրանց պատկերացումներով և ակնկալիքներով։ Լիլիթ Մկրտչյանը վստահեցրեց, որ համալսարանում պատրաստ են նրանց փոխանցել որակյալ կրթություն, մասնագիտական գիտելիք ու հմտություններ՝ միաժամանակ ստեղծելով ինքնուրույն մտածելու, նախաձեռնող լինելու, ստեղծարար և մրցունակ մասնագետ դառնալու հնարավորություններ։

ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատարը առաջին կուրսեցիներին հորդորեց համալսարանական տարիներն օգտագործել առավելագույն արդյունավետությամբ, հստակեցնել իրենց նպատակներն ու ապագայի անելիքները, լինել ստեղծարար և նախաձեռնող, իսկ հաջողության ճանապարհը կերտել դասախոսների և համալսարանական համայնքի հետ համագործակցությամբ։

«Համալսարանն այն միջավայրն է, որտեղ սահմանվում են նոր նպատակներ՝ գիտելիքները խորացնելու և սեփական հնարավորություններն ընդլայնելու հեռանկարով։ Սա դասախոս-ուսանող համատեղ մտածելու, սովորելու և արարելու միջավայր է, որտեղ յուրաքանչյուր ուսանող պետք է կարողանա օգտվել իրեն ընձեռած հնարավորություններից»,- ընդգծեց Լիլիթ Մկրտչյանը։

Առաջին կուրսեցիներն էլ ներկայացրին իրենց մասնագիտական ընտրության շարժառիթներն ու ապագայի վերաբերյալ պատկերացումները՝ նշելով, որ Մանկավարժական համալսարանում անցկացրած յուրաքանչյուր օրը ցանկանում են վերածել գիտելիքի, փորձի, կատարելագործման հնարավորության։

Օրվա խորհրդին յուրահատուկ խորհուրդ հաղորդեց նաև Սկզբնական կրթության ֆակուլտետի առաջին կուրսեցիների ընդունելությունը։ Նրանց մուտքը համալսարանական կյանք նշանավորվեց գիտության ծառի վրա սեփական մատնահետքը թողնելու խորհրդանշական արարողությամբ։ Այն դարձավ ուսանողների՝ գիտելիքի, կրթության և ապագա մասնագիտական առաքելության հանդեպ պատասխանատվությունը խորհրդանշող առաջին քայլը։

Ֆակուլտետային հանդիպումների և շնորհավորական ուղերձների ընթացքում կառույցների ներկայացուցիչները ևս մեկ անգամ ընդգծեցին Մանկավարժական համալսարանի առաքելությունը՝ տասնամյակներ շարունակ կրթել ու դաստիարակել երկրի ապագա սերնդի կրթության պատասխանատուներին։ Մաղթելով մասնագիտական հաջողություններ և մեծ ձեռքբերումներ՝ նրանք ևս մեկ անգամ հիշեցրին, որ մանկավարժը եղել և մնում է անձնվեր աշխատանքի, անսպառ նվիրումի չափանիշ։