Լիլիթ Մկրտչյանը մասնակցեց միջազգային կոնգրեսի
04.09.2026
ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Մկրտչյանը մասնակցեց «Armeno-Georgica․ Հայ-վրացական պատմամշակութային առնչություններ․ հնագույն ժամանակներից մինչև նոր շրջան» միջազգային կոնգրեսի բացման պաշտոնական արարողությանը։
Հայ-վրացական պատմական ու մշակութային փոխազդեցությունների համապարփակ ուսումնասիրությանը նվիրված եռօրյա գիտաժողովը կազմակերպել են «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն ու Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարանը։
Բացման խոսքով հանդես է եկավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ Ողջունելով հյուրերին և Կոնգրեսի մասնակիցներին՝ նա նշեց, որ Գիտության կոմիտեի ջանքերով Շոթա Ռուսթավելիի անվան Վրաստանի ազգային գիտական հիմնադրամի հետ հայ-վրացական միջպետական գիտական համագործակցությանը սկիզբ է դրվել դեռևս 2022 թվականից, և որ, նշված ժամանակահատվածից ի վեր, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Շոթա Ռուսթավելու անվան հիմնադրամի համաֆինանսավորմամբ աջակցություն են ստացել և իրագործվել տասնյակից ավելի համատեղ ծրագրեր։ ««Armeno-Georgica․ Հայ-վրացական պատմամշակութային առնչություններ․ հնագույն ժամանակներից մինչև նոր շրջան» միջազգային կոնգրեսն այդ համագործակցության արտահայտումներից մեկն է»,-իր խոսքում նշեց Սարգիս Հայոցյանը։
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն, դոցենտ Ռոբերտ Ղազարյանը, Հիմնադրամի անունից ողջունելով Կոնգրեսի մասնակիցներին, նշեց, որ նման մասշտաբների հայ-վրացական համատեղ միջոցառում Երևանում կազմակերպվում է առաջին անգամ։
«Չնայած և՛ Վրաստանում, և՛ Հայաստանում հայագիտության և վրացագիտության ոլորտներում հսկայական գործ է կատարվել, սակայն ներկայիս աշխարհում զգալիորեն ավելացել են նաև հակագիտական դրսևորումներն այս ոլորտներում, ուստի՝ այդ հարցերի քննարկումը, վերհանումը օգտակար կլինի պատմական իրադարձությունների օբյեկտիվ գնահատման և գիտական համագործակցության էլ ավելի խորացման առումով»,- ընդգծեց Ռոբերտ Ղազարյանը։
«Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան Գոռ Մարգարյանն էլ նկատեց, որ պատմագիտական հարցերի քննությամբ այս գիտաժողովը նպատակ ունի իր ավանդը բերելու հայագիտության, վրացագիտության, կովկասագիտության ու հարակից գիտությունների մեջ։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, ՀՀ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության Սահմանակից երկրների վարչության Վրաստանի բաժնի պետ Սասուն Հովհաննիսյանը, ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը, Իվանե Ջավախիշվիլու անվան Պատմության և ազգաբանության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գիորգի Ճեիշվիլին։ Ընթերցվեցին ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Պավել Ավետիսյանի և Իվանե Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Ջաբա Սամուշիայի ուղերձները։
Կոնգրեսին մասնակցում էր ավելի քան 90 գիտնական Հայաստանից, Վրաստանից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Չեխիայից, Բուլղարիայից: