«Կոնդ»-ից մինչև «Ոսկե ծիրան»․Հարություն Խաչատրյանի հաջողության պատմությունը
09.09.2026
Նրա մասին խոսելիս առաջինը մտքում հայտնվում են կինոն, «Կոնդը», «Ոսկե ծիրանը», միջազգային կինոփառատոնները, տասնյակ մրցանակներն ու կոչումները։ Բայց Հարություն Խաչատրյանի պատմությունը միայն հաջողության պատմություն չէ. այն երկար սպասելու, մերժումների, ստեղծագործական ազատության համար պայքարի, սեփական ճանապարհը չկորցնելու և, ամենակարևորը, կինոյի միջոցով մարդուն և նրա ներաշխարհը հասկանալու պատմություն է։
Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ, Եվրոպական կինոակադեմիայի անդամ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, կինոբեմադրիչ Հարություն Խաչատրյանը ՀՊՄՀ շրջանավարտ է։
Կինոյի հանդեպ նրա հետաքրքրությունը մանկուց էր, բայց ինքը զգուշանում է այդ զգացողությունը «սեր» անվանել։ Կինոն, նրա համոզմամբ, նախևառաջ ծանր աշխատանք էր։
Ախալքալաքում իրենց տանը վարձով բնակվող Հրաչը կինոմեխանիկ էր և ֆիլմեր էր ցուցադրում Ջավախքի գյուղերում։ Փոքրիկ Հարությունը ամեն շաբաթ և կիրակի Հրաչի հետ ճանապարհորդում էր լեռնային գյուղերով և օգնում նրան՝ ֆիլմեր ցուցադրելիս։ Այդպես սկսվեց նրա առաջին «կինոդպրոցը»։
Ապա նա զբաղվեց մոնտաժով, կարդաց արվեստի, գրականության և կինոյի պատմության մասին գրքեր և հետաքրքրությունը ֆիլմերից աստիճանաբար տեղափոխվեց ռեժիսորների, նրանց մտածողության աշխարհը տեսնելու կերպի վրա։
16 տարեկանում նա ավարտեց Ախալքալաքի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցը և եկավ Երևան՝ ռեժիսոր դառնալու։ Բայց այստեղ առաջին մեծ հիասթափությունն էր սպասում նրան․ պարզվեց՝ Թատերական ինստիտուտում ռեժիսուրայի բաժին չկար։ Հաջորդ յոթ տարիները դարձան սպասելու և մերժումների տարիներ։
Մանկավարժականը՝ շրջադարձային կանգառ
Երևանից հետո Մոսկվա մեկնելու, ՎԳԻԿ ընդունվելու փորձը նույնպես չստացվեց։ Հետո բանակ, ընտանիք, որդու ծնունդ, աշխատանք էլեկտրոնային հաշվիչ մեքենաների նախագծային ինստիտուտում։ Կինոն, սակայն, շարունակում էր ապրել նրա երազանքներում։
Այս անգամ որոշիչ դարձավ կնոջ խորհուրդը՝ ևս մեկ անգամ դիմել Մանկավարժական ինստիտուտ։
1977 թվականին նա ընդունվեց ֆակուլտետում նոր բացված կինոռեժիսուրայի բաժին։ Առաջին կուրսը հավաքում էր Յուրի Երզնկյանը, այստեղ դասավանդում էին Ալբերտ Յավուրյանն ու Միքայել Ստամբոլցյանը։ Մրցակցությունը մեծ էր, իսկ պահանջները՝ խիստ։
Սակայն այն երիտասարդը, որ տարիներ շարունակ լսել էր, թե չի կարող ընդունվել, ոչ միայն ուսանող դարձավ, այլև Լենինյան թոշակառու, և ավարտեց ինստիտուտը կարմիր դիպլոմով։
Նա ընտրեց վավերագրությունը․ խաղարկային կինոն նրան չափազանց թատերական ու երբեմն կեղծ էր թվում։
Մանկավարժականից հետո սկսվեց «Հայֆիլմի» շրջանը, բայց այստեղ ևս ամեն ինչ միանգամից չստացվեց․ դեբյուտային ֆիլմ նկարելու հնարավորությանը երբեմն պետք էր տարիներով սպասել։
Մի քանի ֆիլմերից հետո նա նկարեց «Կոնդը»։ «Հայֆիլմ»-ի 12 հոգանոց խումբը ֆիլմը որակեց թույլ, սիրողական, անհետաքրքիր, հակախորհրդային, անգամ՝ հակահայկական։ Ֆիլմը, սակայն, չմնաց այդ գնահատականի շրջանակում։
Օպերատորի հետ Հարություն Խաչատրյանը ֆիլմը դուրս բերեց լաբորատորիայի նկուղից և ներկայացրեց Ուկրաինայում անցկացվող երիտասարդական կինոփառատոնին։ Կիևում «Կոնդը» ստացավ գլխավոր մրցանակը։ Հետո եկան Մոսկվան, Թբիլիսին, Սվերդլովսկը, Մյունխենը, Նյու Յորքը և միջազգային այլ հարթակներ։
Տարիներ անց Հարություն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանի և Սուսաննա Հարությունյանի հետ, ձեռնամուխ եղավ Հայաստանում միջազգային կինոփառատոն ստեղծելու գործին։
«Կինոն կարևոր միջոց է՝ պատմելու իմ ներքին հոգեվիճակի, իմ պատմության ու նկատած թերությունների, իմ հայկականության ու անհանգստությունների մասին, որոնց կենտրոնում Հայաստանն է, հայ մարդը, հայրենիքի հետ կապը և հեռանալու ցավը։ Ես այդպես էլ ինքնավստահ չդարձա. միշտ վախենում եմ՝ արդյոք լա՞վ ստացվեց այս կամ այն ֆիլմը, արդյոք դա պե՞տք էր մարդկանց»,-ասում է նա։
Գուցե հենց այս կասկածն է Հարություն Խաչատրյանի ստեղծագործական երկար ճանապարհի ամենամարդկային կողմերից մեկը։ Տասնյակ միջազգային մրցանակներ, բարձրագույն կոչումներ, համաշխարհային փառատոններ, տասնյակ տարիների մասնագիտական փորձ, բայց ֆիլմի ավարտից հետո նույն հարցը՝ արդյո՞ք այն պետք էր մարդկանց։
Հարություն Խաչատրյանը չի ուզում պարզապես ֆիլմեր ստեղծել, նա ուզում է, որ դրանք ապրեն ժամանակի հետ․«Ինձ համար շատ կարևոր է, որ այդ ֆիլմերը տարիներ հետո չհնանան, դիմանան ժամանակի քննությանը»։
Եվ հետո տալիս է իր ստեղծագործական ճանապարհի ամենակարևոր գնահատականը՝ վստահությամբ, բայց ոչ ինքնագոհությամբ․ կարծում է, որ իր ֆիլմերը կդիմանան ժամանակի քննությանը, որովհետև պատմում են մարդկանց և նրանց հույզերի մասին։