Շախմատային կրթության միջազգային փորձը՝ մեկ հարթակում
03.10.2026
Ամփոփվեց ՀՊՄՀ-ի, «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի և Դպրոցական շախմատի միջազգային ֆեդերացիայի (ISCF) համագործակցությամբ անցկացվող «Շախմատի կրթության տեսություն և պրակտիկա» խորագրով միջազգային գիտաժողովը։
Գիտաժողովի աշխատանքներին մասնակցեցին շախմատային կրթության, մանկավարժության, հոգեբանության ոլորտների, կոգնիտիվ զարգացման, քննադատական մտածողության հիմնախնդիրներ ուսումնասիրող հայ և միջազգային մասնագետներ։
Գիտաժողովի աշխատանքներին ներկա էին նաև Եվրոպական շախմատային միության (ECU) նախագահ Զուրաբ Ազմայփարաշվիլին և ՖԻԴԵ-ի նախկին նախագահ Արկադի Դվորկովիչը։
Գիտաժողովի երկրորդ օրվա հիմնական բանախոսներն էին Թուրինի համալսարանի փորձարարական մանկավարժության պրոֆեսոր Ռոբերտո Տրինչերոն և ՖԻԴԵ-ի վարպետ, ավագ մարզիչ, շախմատի կրթության մասնագետ Քևին Օ’Քոնելը։
Գիտաժողովի աշխատանքներն ընթացան մի քանի մասնախմբերում։ «Շախմատը և ներառական կրթությունը» մասնախմբում ներկայացվեցին ներառական կրթության համատեքստում շախմատի կիրառությանն առնչվող տարբեր մոտեցումներ և փորձառություններ։
Անցկացվեց նաև «Ներառական շախմատային ուսումնական միջավայրերի ձևավորում աուտիզմ ունեցող սովորողների համար․ մեթոդաբանությունից մինչև դասարանային պրակտիկա» թեմայով վարպետության դաս, որը վարեց Իսպանիայի «Օլիմպիա» շախմատի ակադեմիայի նախագահ, հոգեբան և շախմատի կրթության մասնագետ Պեպ Սուարեսը։
«Շախմատի ուսուցիչների վերապատրաստում» բաժնի քննարկումները վերաբերում էին շախմատի ուսուցիչների մասնագիտական զարգացմանը, վերապատրաստման գործընթացներին և շախմատային կրթության արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ մանկավարժական մոտեցումներին։
Գիտաժողովի «Շախմատը և թվային գրագիտությունը» բաժնի նիստում քննարկվեցին տեխնոլոգիական գործիքների հնարավորությունները։
Աշխատանքներն ամփոփվեցին «Տեխնոլոգիաների կիրառումն առանց մտածողությունը զոհաբերելու» խորագրով պանելային քննարկմամբ։
«Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի ծրագրի ղեկավար Վահան Սարգսյանը, ամփոփելով գիտաժողովը, նշեց՝ միջոցառումն առանձնանում էր իր բովանդակությամբ, ընդգրկվածությամբ, միջազգային մասնակցությամբ և քննարկվող թեմաների արդիականությամբ։
«Այսօրվա գիտաժողովն աննախադեպ է թե՛ իր բովանդակությամբ, թե՛ ընդգրկմամբ, միջազգայնությամբ և արդիականությամբ։ Շախմատային կրթությանը նվիրված թեման, որ մեր երկրում բավականաչափ հետազոտված է և կրթական համակարգի բաղադրիչ, կարող է հետաքրքիր փորձ լինել աշխարհի տարբեր երկրների համար՝ ուսումնասիրելու և ինտեգրելու այդ փորձը»,- նշեց Վահան Սարգսյանը։
Անդրադառնալով թվային գրագիտությանն ու տեխնոլոգիաների կիրառմանը՝ նա նշեց, որ Հայաստանի շախմատային և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում արձանագրված հաջողությունները կարող են հետաքրքիր փորձ հանդիսանալ միջազգային մասնագիտական քննարկումների համար։
«Այսօր կարևոր է հասկանալ, թե ինչպես կարող ենք շախմատն օգտագործել տեղեկատվական դարաշրջանում և ինչպես կիրառել թվային տեխնոլոգիաները՝ առանց մարդկային բաղադրիչը կորցնելու։ Սա համաշխարհային մասշտաբով կարևոր խնդիր է»,- նշեց նա։
Վահան Սարգսյանն անդրադարձավ նաև հետազոտության և կրթական գործընթացի փոխկապակցվածությանը։ Նրա խոսքով՝ կարևոր է ոչ միայն հետազոտության արդյունքում նոր բացահայտումներ կատարել, այլև ստեղծել մեխանիզմներ դրանք ուսումնական գործընթացում ներդնելու, ազդեցությունը գնահատելու և կրթական պրակտիկան շարունակաբար բարելավելու համար։
«Մեր բացառիկ փորձն այն է, որ շախմատը ոչ միայն ներդրել ենք կրթության մեջ, այլև ձևավորել ենք հետազոտական կառույց, որը հետևում է բացահայտումների կիրառմանը ուսումնական գործընթացում, ուսումնասիրում, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում, և ինչպես կարող են հետազոտությունն ու կրթությունը համաժամանակյա աշխատել միմյանց հետ»,- ընդգծեց նա։
«Շախմատի կրթության տեսություն և պրակտիկա» խորագրով միջազգային գիտաժողովի ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր։
Վերջին հրապարակումներ
-
03.10.2026
Անցկացվեց Ուսուցչական համաժողով- 2026-ը