Անցկացվեց Ուսուցչական համաժողով- 2026-ը
03.10.2026
Ուսուցչի օրվան ընդառաջ «Ընթերցանությունը բոլոր դասերին. ճանաչողությունից դեպի մտածողություն» խորագրով ուսուցչական համաժողով անցկացվեց, որին մասնակցում էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասան Խալիլը, ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Վացլավ Շտերբան, ուսուցիչներ, տնօրեններ, բուհերի ներկայացուցիչներ։ Մանկավարժական համալսարանը ներկայացված էր ի դեմս ՀՀ վաստակավոր մանկավարժ, ՀՊՄՀ Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանի։
2026-2027 ուսումնական տարին հռչակվել է ընթերցանության տարի, և համաժողովի նպատակը սովորողների ընթերցանության կարողությունների շարունակական զարգացումն է՝ ընթերցանության նկատմամբ հետաքրքրության ձևավորումից մինչև քննադատական, ինքնուրույն և ստեղծարար ընթերցողի ձևավորում։
Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհավորեց ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ և կարևորեց Ուսուցչի օրվան ընդառաջ մասնագիտական քննարկումների ձևավորված ավանդույթը։ Նախարարի խոսքով՝ կրթությունը շարունակական խոսակցության, գաղափարների փոխանակման և նոր մոտեցումների քննարկման մասին է, իսկ ուսուցչական համաժողովները պետք է անմիջականորեն առնչվեն դասարանում կատարվող ամենօրյա աշխատանքին․ «Որքան ավելի շատ ենք քննարկում, կիսվում գաղափարներով և այդ քննարկումների ընթացքում առնչվում մեզ համար նոր թեմաների, այնքան ավելի արդյունավետ է արդյունքը, որին ձգտում ենք»։
Անդրադառնալով համաժողովի խորագրին՝ նախարարը նշեց, որ կրթության բովանդակային փոփոխությունների առանցքում պետք է լինի ոչ միայն գիտելիքի փոխանցումը, այլև սովորողի՝ այն տարբեր իրավիճակներում կիրառելու, վերլուծելու և լուծումներ գտնելու կարողությունը․ «Գիտելիքի փոխանցումը խնդիր չի լուծում։ Մարդը կարող է իմանալ աշխարհի բոլոր երկրների անուններն ու դրանց մայրաքաղաքները, բայց ինչպե՞ս է դա օգնելու նրան կյանքի ամենատարբեր իրավիճակներում. սա կրթության կարևոր խնդիրն է, որի լուծումը գտնելու հարցում դպրոցի դերն առաջնային է»։
Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև PISA-ի արդյունքներին՝ շեշտելով գիտելիքը գործնական հմտության վերածելու և ուսուցանվող բովանդակության՝ կյանքի հետ կապը երեխաների համար տեսանելի դարձնելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ քաղաքացիների կրթվածությունն ու հմտությունները պետության զարգացման կարևոր նախապայմաններից են. «Մարդիկ են մեր ամենակարևոր հարստությունը, և կրթության ոլորտի աշխատանքը կա՛մ պետք է ավելացնի այդ հարստությունը, կա՛մ՝ ոչ»։
"Ընթերցանության մարտահրավերները. PIZA 2025" թեմատիկ բաժնի պանելային քննարկմանը, որպես բանախոս, հանդես եկավ ՀՊՄՀ պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը` անդրադառնալով "Ընթերցանությունը բոլոր դասերին. Ճանաչողությունից դեպի մտածողություն"թեմային։ Նա նշեց նաև, որ PIZA 2025 արդյունքները հրապարակելուց անմիջապես հետո ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատարի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` խնդիրները վերհանելու, վերլուծելու համար։ Բացի այդ, ըստ Նաիրա Սաֆարյանի, մասնագիտական խմբերի ուշադրությունը հրավիրվել է մեթոդական մասի մշակման ուղղությամբ աշխատանքներ տանելուն։ Նախատեսվում է վերջնարդյունքում ստեղծել մի ձեռնարկ` ուսուցիչների և կրթության ոլորտի շահառուների համար։
Համաժողովին մասնակցում էր շուրջ 700 ուսուցիչ՝ Երևանից և մարզերից: Տեղի ունեցավ նաև Ուսուցչի օրվան նվիրված պարգևատրման արարողություն, որի շրջանակում պարգևատրվեցին մի շարք ուսուցիչներ, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև «Տարվա լավագույնները» 2025-2026 ուսումնական տարվա մրցույթի հաղթողները։
Ընդհանուր առմամբ, 22 ուսուցիչ արժանացավ շնորհակալագրերի և դրամական պարգևների: ԿԳՄՍ նախարարությունն ուսուցչական համաժողովն անցկացրեց ԵՄ աջակցությամբ` ՅՈւՆԻՍԵՖ-ի, ԵՊՀ-ի և ԿԶՆԱԿ-ի հետ հագործակցությամբ։