ՀՊՄՀ ներկայացուցիչները՝ Պոլսում
27.10.2026
ՀՊՄՀ Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Սուրեն Դանիելյանն ու «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Քնարիկ Աբրահամյանը Պոլսում մասնակցեցին բանաստեղծ Զարեհ Խրախունու ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսությանը և հանդես եկան ելույթներով։ Նրանք մասնակցեցին նաև «Համազգային» հայ կրթական և մշակութային միության հետ համատեղ հրատարակված «100 բանաստեղծություն» ժողովածուի շնորհանդեսին։
Սրբոց Թարգմանչաց տոնին նվիրված միջոցառումներն անցկացվեցին Պոլսո Հայոց պատրիարքարանի հովանու ներքո՝ «Մարմարա» օրաթերթի համագործակցությամբ և բանաստեղծի զավակների՝ Նորա Ճյումպյուշյան-Համբարձումյանի ու Հարո Ճյումպյուշյանի հովանավորությամբ։
Պատվիրակության կազմում էին նաև «Համազգային» հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը և Երևանի թիվ 170 ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Դանիելյանը։
Պոլսում գտնվելու ընթացքում պատվիրակության անդամներն այցելեցին Պոլսո Հայոց պատրիարք Ն.Ա.Տ. Սահակ Բ Մաշալյանին, ապա հյուրընկալվեցին «Մարմարա» օրաթերթի խմբագրատանը։ Հանդիպումն առիթ էր վերհիշելու թերթի երկարամյա խմբագրապետ, երջանկահիշատակ Ռոպեր Հատտեճյանի հետ տարիների ընթացքում ունեցած ջերմ հանդիպումները։
Պոլսում գործող 17 հայկական ամենօրյա դպրոցների շարքում առանձնահատուկ նշանակություն ունեցան Մխիթարյան, Կեդրոնական և Էսայան վարժարաններ, ինչպես նաև Ս. Խաչ դպրեվանք այցելություններն ու ուսուցիչների և աշակերտների հետ հանդիպումները։ Բովանդակալից երկխոսությունները նոր հնարավորություններ ստեղծեցին փոխճանաչման և համագործակցության համար։ Հանդիպումները կարևոր առիթ դարձան ինչպես պոլսահայ համայնքի, այնպես էլ Հայաստանից ժամանած պատվիրակության համար։
Այցի ընթացքում պատվիրակության անդամներն այցելեցին Զարեհ Խրախունու ծննդավայր՝ Եշիլգյուղ (պատմական Սան-Ստեֆանո), եղան Պոլսի տարբեր թաղամասերում գտնվող հայկական եկեղեցիներում և ազգային հաստատություններում։
Պատվիրակությունն այցելեց նաև Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոց և թանգարան, ինչպես նաև Սկյուտարի և Շիշլիի հայկական գերեզմանատներ, որտեղ ամփոփված են հայ մտավորականների աճյունները։
Ծրագրի շրջանակում ՀՊՄՀ ներկայացուցիչները մասնակցեցին նաև Հակոբ Սիրունու՝ Միսաք Մեծարենցին նվիրված «Այս հիվանդ, հանճարեղ պատանին» գրքի շնորհանդեսին, այցելեցին Պալյան ճարտարապետական գերդաստանի նախագծերով կառուցված Դոլմաբահչե պալատ և հյուրընկալվեցին հայկական «Լույս» հեռուստաընկերությունում։
Վերջին հրապարակումներ
-
21.10.2026
ՀՊՄՀ-ն՝ COP17-ում