«Կառուցելով ավելի լավ ապագա»․ Ուսանողների միջազգային օրը ՀՊՄՀ-ում

17.11.2026
«Կառուցելով ավելի լավ ապագա»․ Ուսանողների միջազգային օրը ՀՊՄՀ-ում

Մանկավարժական համալսարանում Ուսանողների միջազգային օրը նշվեց «Կառուցելով ավելի լավ ապագա» խորագրով միջոցառմամբ, որին ներկա էին ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ։

Տոնական միջոցառումը մեկնարկեց Գեղարվեստական կրթության ֆակուլտետի «Ավե Մարիա» երգչախմբի «Գաուդեամուս»-ի կատարմամբ։

Այնուհետև տոնի առթիվ ներկաներին շնորհավորեցին ուսանողները՝ ընդգծելով ուսանողության դերն ու նշանակությունը հասարակության և պետության զարգացման գործում։ Նրանք հիշեցրին, որ ուսանողական շարժումները տարբեր ժամանակներում եղել են հասարակական փոփոխությունների և ավելի լավ ապագայի համար պայքարի կարևոր բաղադրիչ։

Ուսանողներին շնորհավորեց ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանը՝ մաղթելով բեղմնավոր, հետաքրքիր, իրադարձություններով լի և գիտելիքներով հարուստ ուսանողական տարիներ․ «Մաղթում եմ, որ ուսանողական ճանապարհը ձեզ օգնի ոչ միայն դառնալու բանիմաց և արհեստավարժ մասնագետներ, այլև ձևավորվելու որպես ակտիվ քաղաքացիներ։ Լիահույս եմ, որ ձեզնից շատերն իրենց մասնագիտական գործունեությունը կծավալեն կրթության ոլորտում և դրական ներդրումը կունենան մեր երկրի ապագայի ձևավորման ու զարգացման գործում»։

Արաքսիա Սվաջյանն անդրադարձավ նաև ուսանողական կյանքի առանձնահատկություններին՝ հորդորելով երիտասարդներին չշտապել ավարտել կյանքի այդ կարևոր փուլը, գնահատել և վայելել ուսանողական յուրաքանչյուր օրը։ Նա ընդգծեց, որ ուսանողական տարիները մարդու կյանքի ամենահետաքրքիր ու հիշարժան շրջաններից են, երբ ձևավորվում են ոչ միայն մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները, այլև անհատականությունը։ Ապա հորդորեց ուսանողներին չբավարարվել միայն դասախոսների փոխանցած գիտելիքներով, խորությամբ ուսումնասիրել մասնագիտությունը և ակտիվորեն ներգրավվել համալսարանական ու երիտասարդական կյանքում։

Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանը։ Նա ընդգծեց համալսարանի՝ որպես ուսանողի մասնագիտական և անձնային ձևավորման կարևոր հարթակի դերը՝ նշելով, որ ուսանողի կոչումն ու կարգավիճակը մեծ պատասխանատվություն են ենթադրում։

Ուսանողական խորհրդի նախագահը հորդորեց օգտվել համալսարանի ընձեռած բոլոր հնարավորություններից ու հարթակներից՝ ներհամալսարանական նախաձեռնություններից մինչև հանրապետական և միջազգային ծրագրեր, լինել առավել ակտիվ, շարունակաբար զարգացնել կարողություններն ու կատարելագործել մասնագիտական և անձնային որակները։

Օրվա տոնական տրամադրությունն ապահովեցին Կուլտուրայի ֆակուլտետի Պարարվեստի մանկավարժության և գործիքային կատարողականության բաժինների ուսանողները։

Միջոցառման ընթացքում ամփոփվեցին նաև «Ովքե՞ր ենք մենք» խորագրով տեսանյութերի մրցույթի արդյունքները, որի առանցքում ուսանողն էր՝ իր նախաձեռնություններով, ստեղծագործական ներուժով, ապագայի նկատմամբ ունեցած տեսլականով։

Համալսարանի 10 ֆակուլտետների ուսանողները մեկ շաբաթվա ընթացքում պատրաստել էին տեսանյութեր՝ ներկայացնելով իրենց ֆակուլտետը, ուսանողական առօրյան, առանձնահատկություններն ու ինքնությունը։
Տեսանյութերը գնահատել էր Ուսանողական խորհուրդը՝ հաշվի առնելով նաև սոցիալական ցանցերում դրանց ակտիվության ցուցանիշը։ Հաղթողին որոշելու հարցում վճռորոշ էր նաև հանդիսատեսի քվեարկությունը։ Արդյունքում հաղթող ճանաչվեց Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետը։

Ուսանողների միջազգային օրվա շրջանակում կազմակերպվել էր նաև լուսանկարների մրցույթ, որի հաղթողն էլ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Դեկորատիվ-կիրառական արվեստի բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի Արփինե Իսրայելյանն էր։ Նա, ի դեպ, հնարավորություն կստանա մասնակցելու մասնագիտական դասընթացի՝ Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի դասախոսի մոտ։

Միջոցառումն ամփոփվեց մրցույթների հաղթողների պարգևատրմամբ։