Տասնամյա համագործակցություն՝ ՀՊՄՀ-ի և Պարդուբիցեի համալսարանի միջև

13.11.2026
Տասնամյա համագործակցություն՝ ՀՊՄՀ-ի և Պարդուբիցեի համալսարանի միջև

Նոյեմբերի 1-10-ը ՀՊՄՀ պատվիրակությունը՝ Գիտության գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով Չեխիայի Պարդուբիցեի համալսարանում էր։

Էրազմուս + ծրագրի շրջանակում իրականացված այցի նպատակն էր մասնակցել «10 տարվա հայ-չեխական ակադեմիական համագործակցությունը կրթության, սոցիալական ներառման և ընտանիքի աջակցության ոլորտներում» խորագրով միջազգային գիտաժողովին՝ նվիրված ՀՊՄՀ-ի և Պարդուբիցեի համալսարանի միջև համագործակցության տասնամյակին։

Գիտաժողովը համախմբել էր հայ և չեխ մասնագետների, ակադեմիական համայնքի ներկայացուցիչների ու ուսանողների՝ ամփոփելու երկու կրթական հաստատությունների տասնամյա գործընկերության արդյունքները, ներկայացնելու համատեղ նախաձեռնություններն ու քննարկելու համագործակցության զարգացման նոր հնարավորությունները։

Նոյեմբերի 4-ին կայացած միջոցառմանը ներկա էր նաև Չեխիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը։

Ողջունելով ներկաներին՝ Մարիամ Իսպիրյանը ՀՊՄՀ-ի անունից շնորհակալություն հայտնեց Պարդուբիցեի համալսարանի գործընկերներին՝ տարիների ընթացքում ձևավորված արդյունավետ համագործակցության համար։ Նրա խոսքով՝ երկու համալսարանների ակադեմիական կապերը սկիզբ են առել դեռևս 2014 թվականին, իսկ 2016 թվականին ստացել պաշտոնական գործընկերության կարգավիճակ․«Տարիների ընթացքում համագործակցությունն ընդգրկել է բազմաթիվ ուղղություններ։Երկու բուհերի ուսանողներն ու դասախոսները համատեղ աշխատանքներ են իրականացրել, այցելել դպրոցներ և սոցիալական ծառայություններ, մասնակցել ամառային դպրոցների, փոխանակել մասնագիտական փորձն ու գիտելիքները։ Հաջողությամբ իրականացվել է նաև Erasmus+ ծրագրի երեք փուլ, իսկ չորրորդն ընթացքի մեջ է»,-նշել է Մարիամ Իսպիրյանը։

Նա ընդգծել է միջազգային գործընկերության առանձնահատուկ նշանակությունը ՀՊՄՀ-ի համար՝ որպես ապագա մանկավարժների պատրաստման առաքելություն ունեցող բուհի։

Նրա դիտարկմամբ՝ միջազգային համագործակցությունն ուսանողներին և աշխատակիցներին հնարավորություն է տալիս ծանոթանալու կրթության կազմակերպման տարբեր փորձի, յուրացնելու նոր մոտեցումներ և դրանք ներդնելու Հայաստանի կրթական համակարգում։

Նշենք, որ Պարդուբիցեի համալսարանում ներկայումս ուսումնառություն է ստանում ՀՊՄՀ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի երկու ուսանող։ Գիտաժողովի կարևոր իրադարձություններից էր երկու համալսարանների համատեղ հերթական գիտական հրատարակության՝ «Armenian and Czech Families in the Mirror of the Current Times ( with the Focus on Families Caring for Disabled Children)» անգլալեզու գրքի շնորհանդեսը։

Հրատարակությունը նվիրված է հայ և չեխ ընտանիքների ուսումնասիրությանը, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող երեխաներ խնամող ընտանիքների խնդիրներին ու առանձնահատկություններին։

Մարիամ Իսպիրյանը շնորհավորել է համատեղ հրատարակության հեղինակներին և խմբագիրներին՝ երախտագիտություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել գործընկերության ձևավորման և զարգացման գործում։

Նա հույս է հայտնել, որ համագործակցությունը կընդլայնվի՝ նոր հնարավորություններ ստեղծելով երկու համալսարանների ուսանողների, հետազոտողների և ակադեմիական համայնքների համար։ Գիտաժողովի շրջանակում տեղի ունեցավ նաև լուսանկարչական ցուցահանդես։

Միջոցառմանը քննարկվեցին վաղ միջամտության և աջակցությանը, ներառական կրթությանը, սոցիալական աշխատանքին և համայնքային ծառայություններին վերաբերող թեմաներ։ ՀՊՄՀ-ից գիտաժողովին մասնակցում էին նաև Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ Թերեզա Ազատյանը, Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի պրոֆեսոր Սիրանուշ Կարապետյանն ու նույն ամբիոնի դոցենտ Արմինե Կիրակոսյանը։

Այցի շրջանակում քննարկվել են բուհերի միջև միջազգային համագործակցության հետագա զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ Erasmus+ ծրագրի միջոցով նոր համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։