Պատմության դասավանդման արդի հիմնախնդիրները՝ միջազգային գիտաժողովում
13.11.2026
ՀՊՄՀ-ում կայացավ «Պատմության դասավանդման արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային 4-րդ գիտաժողովը։ Այն կազմակերպել էին ՀՊՄՀ Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնն ու Հայաստանում և Սփյուռքում պատմության ուսուցման խնդիրները հետազոտող գիտական կենտրոնը։
Գիտաժողովը մեկ հարկի ներքո էր համախմբել պատմության դասավանդման ոլորտի հայաստանյան և արտասահմանյան մասնագետների, գիտնականների ու հետազոտողների՝ քննարկելու պատմական կրթության արդի մարտահրավերները, փոխանակելու մասնագիտական փորձն ու ներկայացնելու դասավանդման նոր մոտեցումներ։
Գիտաժողովի թեմատիկ ուղղություններն ընդգրկում էին պատմության դասավանդման հիմնախնդիրները բուհում, հանրակրթական դպրոցում պատմության դասավանդման հայեցակարգային և մեթոդական արդի հարցերը, դասավանդման գործընթացում ազգային և քաղաքացիական դաստիարակության խնդիրները, թվային կրթության և արհեստական բանականության կիրառման հնարավորությունները, «Պատմություն» առարկայի չափորոշչով և ծրագրով նախատեսված կրթական վերջնարդյունքների ձևավորման հիմնահարցերը, ինչպես նաև Սփյուռքի հայկական կրթօջախներում Հայոց պատմության դասավանդման առանձնահատկությունները։
ՀՊՄՀ Գիտության գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, կարևորելով գիտաժողովի շարունակականությունը, նշեց, որ պատմության ուսուցումն այսօր առանձնահատուկ կարևորություն և պատասխանատվություն է ձեռք բերում՝ պայմանավորված աշխարհում տեղի ունեցող արագ փոփոխություններով, տեղեկատվական հոսքերի աճով, արժեքային վերափոխումներով և նոր մարտահրավերներով։ Այս համատեքստում նա կարևորեց երիտասարդ սերնդին պատմության համակողմանի ուսուցումը։
Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը ընդգծեց, որ նախաձեռնության առանձնահատկություններից մեկը թեմատիկ ուղղությունների արդիականությունն է. զեկուցումների զգալի մասը վերաբերում էր արհեստական բանականությանն ու պատմության դասավանդման գործընթացում դրա կիրառման հնարավորություններին։ Հովհաննիսյանը ներկայացրեց
2026 թվականին կենտրոնի գործունեության կարևոր արդյունքներից երկու ուսումնամեթոդական ձեռնարկները` «Նախագծային ուսուցման տեխնոլոգիան պատմության դասավանդման գործընթացում» ու «Արտադասարանական միջոցառումների կազմակերպման պրակտիկում» ուսումնամեթոդական ուղեցույցը։
Առաջին ձեռնարկը ներկայացնում է պատմական նախագծերի կազմակերպման փուլերը, մեթոդներն ու գնահատման համակարգը, իսկ եկրորդի նպատակն է օգնել մանկավարժներին յուրացնելու սովորողների հետ դասերից դուրս իրականացվող արտաուսումնական գործունեության ձևերը։
Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, Հայաստանում և Սփյուռքում պատմության ուսուցման խնդիրները հետազոտող գիտական կենտրոնի ծրագրերի ղեկավար Հարություն Պապոյանը հույս հայտնեց, որ գիտաժողովը կդառնա գիտական նախաձեռնությունների և հետագա համագործակցության մեկնարկային հարթակ՝ նպաստելով պատմության դասավանդման մեթոդիկայի և հայագիտության զարգացմանը թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։
Գիտաժողովի պլենար նիստում «Թվային դարաշրջանի մարտահրավերը․ ինչպե՞ս է արհեստական բանականությունը փոխում պատմության դասավանդման մեթոդիկան» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Խաչատուր Ստեփանյանը։
Անդրադառնալով արհեստական բանականության ազդեցությանը՝ նա նշեց, որ պատմության ուսուցումը, կանգնած է լուրջ մեթոդաբանական մարտահրավերի առաջ․ անհրաժեշտ է վերանայել դասավանդման դիդակտիկական գործիքակազմը և արհեստական բանականության հնարավորությունները ծառայեցնել կրթության զարգացմանը։
«ԱԲ-ի դարաշրջանում կրթության բովանդակային առանցքը ի՞նչ հիշել հարցից հիմնավորապես տեղափոխվում է ինչպե՞ս մտածել, համադրել և վերլուծել տիրույթ։ Պատմության դասավանդման մեթոդիկայի հիմնական նպատակն է դառնում վերճանաչողական հմտությունների ձևավորումը, երբ սովորողը գիտակցում և կառավարում է իր սեփական ճանաչողական գործընթացները»,- նշեց Խաչատուր Ստեփանյանը։
Գիտաժողովն աչքի ընկավ նաև ուսուցիչների ակտիվ մասնակցությամբ։
Զեկուցմամբ հանդես եկավ Սյունիքի մարզի Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Մերի Մարտիրոսյանը՝ ներկայացնելով «Աշխարհացույցը» որպես աշակերտակենտրոն ուսուցման միջոց» թեման։
Նա կարևորեց թվային նորարարական գործիքների կիրառումը՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս ուսումնական գործընթացի կենտրոնում դնելու աշակերտի ակտիվ ներգրավվածությունը, զարգացնելու վերլուծական հմտությունները և ապահովելու ուսումնական բովանդակության առավել տեսանելի ու մատչելի ընկալումը։
Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին մասնաճյուղերում, որոնց ընթացքում ներկայացվեցին պատմության դասավանդման մեթոդաբանությանը, թվայնացմանը, արհեստական բանականության կիրառմանն ու պատմական կրթության բովանդակային խնդիրներին վերաբերող զեկուցումներ։
Հեռավար ձևաչափով զեկուցումներով հանդես եկավ Թբիլիսիի Կովկասի համալսարանի հումանիտար և սոցիալական գիտությունների դպրոցի պրոֆեսոր, Ժան Մոնեի ամբիոնի պրոֆեսոր Գուրանդա Չելիձեն՝ «Արհեստական բանականության օժանդակությամբ առաջացող երկընտրանքներից դեպի արժեքահեն դատողություն․ VAKE մեթոդը բարձրագույն կրթության ոլորտում պատմության դասավանդման մեջ» թեմայով։
Գիտաժողովին մասնակցում էր նաև Հյուսիս-Կովկասյան դաշնային համալսարանի կովկասագիտության և թանգարանագիտության ամբիոնի վարիչ Օլգա Շաֆրանովան՝ «Պատմության դասավանդման մեթոդների վերափոխումը թվայնացման համատեքստում» զեկուցմամբ։
Մասնակիցներն անդրադարձան նաև պատմության ուսուցման նպատակների սահմանմանը, դասագործընթացում միջառարկայական կապերի կիրառման կարևորությանը, Սփյուռքի հայկական կրթօջախներում Հայոց պատմության դասավանդման հիմնախնդիրներին, ինչպես նաև դպրոցում պատմության դասավանդման ընթացքում արհեստական բանականության կիրառման էթիկական և ակադեմիական մարտահրավերներին։
Վերջին հրապարակումներ
-
12.11.2026
Նոր մոտեցումներ արվեստի կրթությանը