ՀՊՄՀ-ն՝ Ռուս-հայկական II գիտակրթական համաժողովին. ակադեմիական համագործակցության նոր հեռանկարներ

16.11.2026
ՀՊՄՀ-ն՝ Ռուս-հայկական II գիտակրթական համաժողովին. ակադեմիական համագործակցության նոր հեռանկարներ

2026 թվականի նոյեմբերի 13-ին Մոսկվայում՝ Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի հարթակում, կայացավ Ռուս-հայկական II գիտակրթական համաժողովը, որը միավորել էր Ռուսաստանի և Հայաստանի պետական կառույցների, առաջատար համալսարանների, գիտական կազմակերպությունների և գործարար շրջանակների ավելի քան 100 ներկայացուցիչների:

 

Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարության աջակցությամբ կազմակերպված համաժողովը կարևոր հարթակ դարձավ կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում ռուս-հայկական փոխգործակցության արդի ուղղությունների քննարկման, ակադեմիական կապերի ամրապնդման և միջբուհական համագործակցության հնարավորությունների ընդլայնման համար:

 

Համաժողովի աշխատանքներին մասնակցեցին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանը և Ռուսաց լեզվի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Նաիրա Դալյանը:

 

Համաժողովի գործարար ծրագիրը ներառում էր երկու երկրների գիտակրթական փոխգործակցության առաջնահերթ ուղղություններին նվիրված յոթ թեմատիկ պանելային նստաշրջան: Ծրագրում առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում միջմշակութային երկխոսության զարգացման գործում լեզվի և մշակույթի դերի վերաբերյալ քննարկումը, որը վարում էր Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ռեկտոր Նիկիտա Գուսևը: Այս նստաշրջանին ՀՊՄՀ Ռուսաց լեզվի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Նաիրա Դալյանի մասնակցությունն ընդգծեց Հայաստանի կրթական տարածքում ռուսաց լեզվի պահպանման ու զարգացման, հումանիտար կապերի ամրապնդման և ռուսաց լեզվի՝ որպես օտար լեզվի դասավանդման կատարելագործման հարցերի կարևորությունը:

 

Համաժողովի առանցքային իրադարձությունը լիագումար նստաշրջանն էր, որը միավորել էր երկու պետությունների ղեկավարության, կրթական և գիտական հաստատությունների ներկայացուցիչներին: Նստաշրջանի աշխատանքներին մասնակցեցին Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը, ռուսական և հայկական առաջատար համալսարանների և գիտական կազմակերպությունների ղեկավարներ:

 

Միջոցառման կարևոր բաղադրիչներից էր մի շարք միջբուհական համաձայնագրերի ստորագրումը, որոնք ուղղված են ակադեմիական գործընկերության հետագա զարգացմանը, գիտական շփումների ընդլայնմանը և համատեղ կրթական նախաձեռնությունների իրականացմանը:

 

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ղեկավարության մասնակցությունը համաժողովին հաստատում է բուհի ձգտումը՝ ակտիվորեն ներգրավվելու միջազգային կրթական և գիտական տարածքում, ամրապնդելու գործընկերային հարաբերությունները ռուսական համալսարանների հետ և զարգացնելու հումանիտար համագործակցությունը:

 

Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում լեզուների և մշակույթների երկխոսությունը, որը հանդես է գալիս որպես փոխըմբռնման, հոգևոր արժեքների պահպանման և Ռուսաստանի ու Հայաստանի գիտական ու կրթական փոխգործակցության ընդհանուր տարածքի ձևավորման կարևորագույն պայման:

 

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը հետևողականորեն աջակցում է նախաձեռնություններին, որոնք ուղղված են միջազգային ակադեմիական համագործակցության ամրապնդմանը, գիտական երկխոսության զարգացմանը և դասախոսների ու հետազոտողների նոր սերունդների համար կրթական հնարավորությունների ընդլայնմանը: