Բաց քննարկում՝ ուսուցչական համայնքի հետ
16.10.2025
ՀՊՄՀ-ում կայացավ «Մանկավարժական կրթության ազգային հայեցակարգ 2027–2035» նախագծի բաց քննարկումը՝ ուսուցչական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հանդիպման նպատակն էր ներկայացնել Erasmus+ T4GREEN ծրագրի շրջանակում աշխատանքային խմբի մշակած հայեցակարգը՝ կարծիքների և առաջարկությունների միջոցով այն կատարելագործելու համար։
Ծրագրի համահամակարգող Ռաիսա Ավետյանը ներկայացրեց T4GREEN ծրագրի հիմնական նպատակները, արդյունքները՝ շեշտելով մանկավարժական կրթության արդիականացման և կայուն զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
ՀՊՄՀ Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանն էլ խոսեց հայեցակարգի մշակման հիմնական շարժառիթների, սկզբունքների մասին։
Նա կարևորեց ուսուցչական համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը՝ ընդգծելով՝ իրենք ոչ թե շահակից, այլ պատվիրատու են․ այդ առումով չափազանց առաջնահերթ է նրանց փորձագիտական կարծիքը․ «ԵՄ-ի ֆինանսավորմամբ ծրագրերը, որ միտված են բուհական համակարգի զարգացմանը, այս դեպքում նպատակ ունեն փորձագիտական վերլուծություն ստանալ դպրոցների մակարդակով»,-նշեց բանախոսն ու ներկայացրեց փաստաթղթի մշակման գործընթացում եվրոպական գործընկեր համալսարանների ներդրումը։
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն ու Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Լիլիթ Մկրտչյանը։
Վերջիններս մանրամասն ներկայացրին «Մանկավարժական կրթության ազգային հայեցակարգ 2027–2035» նախագիծը՝ ընդգծելով դրա ռազմավարական ուղղություններն ու կրթական համակարգի ընդհանուր բարեփոխումների հետ կապը։
Վստահ են՝ նման քննարկումները կարևոր դեր ունեն քաղաքականության ձևավորման գործընթացում մասնագիտական համայնքի մասնակցությունն ապահովելու առումով։
Քննարկումը շարունակվեց խմբային աշխատանքի ձևաչափով՝ Լիլիթ Մկրտչյանի և Տիգրան Միքայելյանի մոդերատորությամբ։ Մասնակիցները ներկայացրին իրենց դիտարկումները, առաջարկություններն ու գաղափարները՝ ուղղված հայեցակարգի հստակեցմանը, արդյունավետության բարձրացմանը։
Միջոցառման ավարտին ինտերակտիվ հարցուպատասխանի միջոցով մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց հետաքրքրող հարցերն ու տեսակետները թեմայի վերաբերյալ։
Վերջին հրապարակումներ
-
16.10.2025Կրթական նոր հնարավորություններ․․․