ՀՊՄՀ-ում էր Շվեյցարիայի շախմատի ֆեդերացիայի նախագահը
15.10.2025
Այսօր Մանկավարժական համալսարանում էր FIDE-ի սոցիալական հանձնաժողովի ղեկավար և Շվեյցարիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Անդրե Վյոգտլինը։
Աշխատանքային հանդիպման ընթացքում ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ընդգծեց՝բուհն իր կրթական ծրագրերում կարևորում է շախմատի դերը կրթության մեջ։
Նա պատահական չհամարեց, որ առարկան ներառված է Սկզբնական կրթության ֆակուլտետի մասնագիտական ծրագրերում․ դրա համար հիմք են ծառայել բուհի «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի երկարատև և շարունակական հետազոտությունները՝ պարզելու՝ արդյո՞ք շախմատն ազդում է կրթության որակի վրա, ինչպե՞ս է ազդում, որակական ի՞նչ փոփոխություններ են ունենում այն երեխաները, որոնք ներգրավված են շախմատային կրթության մեջ, դասավանդվող առարկաների համադրությունն ի՞նչ ազդեցություն է ունենում նրանց վրա։
Սրբուհի Գևորգյանն անդրադարձավ ինստիտուտի կատարած լայնածավալ հետազոտություններին, նշելով, որ դրանցում ներառված են հոգեբաններ, սոցիոլոգներ, մանկավարժներ, այդ թվում՝ հատուկ մանկավարժներ, և ընդգծեց՝ հետազոտությունների նպատակն է պարզել, եթե շախմատն ազդում է երեխայի իմացական կարողությունների վրա՝ արդո՞ք այն ազդում է կրթության գործընթացի առավել կայուն իրականացմանը։
Հանդիպման ընթացքում հոգեբանական գիտությունների դոկտորը խոսեց նաև շախմատային կրթության արդյունքում երեխայի զարգացման, որակական փոփոխությունների, տարբեր խնդիրների իրացման, վարքային խնդիրների լուծման, արդյունավետ հաղորդակցման, թիմային աշխատանք կատարելու հնարավորություններին, նկատելով՝ կարևորում են 21-րդ դարի ուսուցչի փափուկ հմտությունների ձևավորումը ևս. «Շախմատային կրթության վերաբերյալ մոտեցումները միանշանակ չէին․ անհրաժեշտ էին հետազոտական տվյալներ, որոնք կհստակեցնեին երեխայի կրթական ծրագիրը շախմատային կրթության հենքի վրա կառուցելու մեր հնարավորությունները»։
Սրբուհի Գևորգյանը խոսեց նաև դասագրքերի ստեղծման, մասնագիտական փոխներգործության մասին, ինչը լուծեց ոլորտի մասնագետներ պատրաստելու խնդիրը՝ մի դեպքում պատրաստելով, մյուս դեպքում՝ վերապատրաստելով համապատասխան մասնագետների։ Նշեց՝ պատրաստ են ծանոթանալ FIDE-ի փորձառությանն ու նրանց լավագույն փորձը ներառել կրթական գործընթացում։
FIDE-ի սոցիալական հանձնաժողովի ղեկավար և Շվեյցարիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Անդրե Վյոգտլինը ներկայացրեց իրենց փորձառությունը շախմատի ոլորտում և որոշ հարցադրումներ։
ՀՊՄՀ Շախմատի և Սպորտի ամբիոնի վարիչ, «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Սմբատ Լպուտյանը բարձր գնահատեց մեր երկրում շախմատային կրթության հանրահռչակմանը միտված աշխատանքերը՝ ընդգծելով՝ ի դեմս Սրբուհի Գևորգյանի այսօր փորձ է արվում տարածել և կարևորել շախմատի դերը։
Անդրե Վյոգտլինը եղավ նաև Շախմատի ինստիտուտում, որտեղ աշխատակիցները ներկայացրին իրենց կատարած ուսումնասիրությունները, հետազոտությունների արդյունքները, մեթոդաբանությունը, հանդես եկան ոլորտային հարցերի վերաբերյալ առաջարկներով։
Վերջին հրապարակումներ
-
16.10.2025Բաց քննարկում՝ ուսուցչական համայնքի հետ
-
16.10.2025Կրթական նոր հնարավորություններ․․․