Մասնակցեցին Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության շրջանավարտների հանդիպմանը

19.11.2026
Մասնակցեցին Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության շրջանավարտների հանդիպմանը

Նոյեմբերի 14-15-ը ՀՊՄՀ կրթության ոլորտի ներկայացուցիչները, ուսանողներն ու շրջանավարտները մասնակցեցին «Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության շրջանավարտների հանդիպում» խորագրով երկօրյա միջոցառմանը։

Միջոցառումը կազմակերպվել էր Էրազմուս ուսանողական ցանցի հայաստանյան ներկայացուցչության (ESN Armenia) նախաձեռնությամբ՝ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի հետ համագործակցությամբ։

Հանդիպման նպատակն էր խթանել միջազգային կրթական փորձի փոխանակումը, ներկայացնել շարժունության ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև քննարկել մասնագիտական զարգացման և զբաղվածության հեռանկարները։

Միջոցառման առաջին օրը կայացան պանելային քննարկումներ՝ նվիրված կրթության միջազգայնացմանը, զբաղվածությանը, ներառմանը և հասակակիցների աջակցության մեխանիզմներին։ Երկրորդ օրը ներկայացվեցին Էրազմուս+ ծրագրի ընձեռած հնարավորություններն ու դիմելու գործնական ուղեցույցները։ Մասնակիցները նաև կիսվեցին միջազգային շարժունության իրենց փորձով։

Հանդիպման շրջանակում «Ինչպե՞ս պատրաստվել Էրազմուս+ շարժունության ծրագրի հարցազրույցին» թեմայով ելույթ ունեցավ ՀՊՄՀ Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման մասնագետ Գոհար Առաքելյանը։

Նա մասնակիցներին ներկայացրեց ընտրության փուլին արդյունավետ պատրաստվելու, հարցազրույցի ընթացքում սեփական կարողություններն ու մոտիվացիան վստահ ներկայացնելու գործնական խորհուրդներ։

«ՀՊՄՀ-ն կարևորում է նման նախաձեռնություններին մասնակցությունը։ Դրանք նպաստում են փորձի փոխանակմանը և միջազգային կրթական հնարավորությունների հասանելիությանը, ինչպես նաև օգնում ուսանողներին ավելի վստահ քայլեր անել միջազգային շարժունության ճանապարհին»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց Գոհար Առաքելյանը։