«Փիլիսոփաները և երաժշտությունը»
19.11.2026
Նոյեմբերի 19-ը Փիլիսոփայության համաշխարհային օրն է։ Օրվան ընդառաջ՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ՀՊՄՀ Ակադեմիկոս Գ. Ա. Բրուտյանի անվան փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվեց «Փիլիսոփաները և երաժշտությունը» խորագրով բաց դասախոսություն։
Միջոցառմանը մասնակցում էին ՀՊՄՀ տարբեր ֆակուլտետների, Հայկական բժշկական ինստիտուտի ուսանողներ, շրջանավարտներ, ինչպես նաև Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի աշակերտներ ու ուսուցիչներ։
Ամբիոնի ասիստենտ Աշոտ Մանուկյանի բաց դասախոսության առանցքում երաժշտության և փիլիսոփայական մտքի փոխհարաբերություններն էին՝ դասական և ազգային փիլիսոփայական ժառանգության համատեքստում։ Քննարկվեցին երաժշտության հոգեֆիզիոլոգիական, դաստիարակչական և հոգևոր ներգործության նշանակությունը, ինչպես նաև մարդու անհատական և հասարակական զարգացման գործում դրա ունեցած դերը։
Դասախոսության ընթացքում Աշոտ Մանուկյանը անդրադարձավ Վեդայական գրականության, Կոնֆուցիուսի, Պյութագորասի, Պլատոնի, Արիստոտելի և այլ մտածողների՝ երաժշտության վերաբերյալ գաղափարներին, հայկական երաժշտական-փիլիսոփայական ժառանգությանը, Կոմիտասի գիտական ու ստեղծագործական գործունեության մարդաբանական նշանակությանը։
Առանձնահատուկ ընդգծվեց Կոմիտասի ժառանգության դերը ոչ միայն ազգային երաժշտական մշակույթի պահպանման ու զարգացման, այլև միջմշակութային երկխոսության, ժողովուրդների փոխըմբռնման և հանդուրժողականության խթանման գործում։
Դասախոսությունը նաև միջառարկայական երկխոսության հարթակ էր՝ միավորելով փիլիսոփայության, մանկավարժության, երաժշտագիտության և բժշկության ոլորտներով հետաքրքրված մասնակիցների։
«Տարբեր մասնագիտական ու կրթական միջավայրերի ներկայացուցիչների ներգրավումը հնարավորություն տվեց քննարկելու մարդու կենսաբանական, բանական և հոգևոր զարգացման փոխկապակցվածությունը՝ գիտելիքի հումանիտար և բնագիտական մոտեցումների համադրմամբ։ Միջոցառման գաղափարական առանցքը համահունչ էր նաև Փիլիսոփայության համաշխարհային օրվա՝ 2026 թվականի հիմնական հարցադրմանը՝ «Ինչպե՞ս կարող ենք համակեցության մեջ լինել ճգնաժամերի մեջ գտնվող աշխարհում»։ Այս համատեքստում կարևորվեց փիլիսոփայության, մշակույթի և արվեստի դերը մարդկային արժանապատվության պահպանման, տարբերությունների հարգման, փոխըմբռնման և համակեցության ընդհանուր արժեքների ձևավորման գործում»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Մանուկյանը։
Այցի շրջանակներում մասնակիցները ծանոթացան նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ցուցադրությանը, Վարդապետի կյանքին ու գործունեությանը վերաբերող նյութերին, երաժշտական գործիքներին և այլ ցուցանմուշներին։