Քննարկվեցին ուսանողների վերապատրաստման հնարավորությունները
24.11.2026
ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպեց ՀԲԸՄ Հայաստան «ՏեխնՈւս» ծրագրի ղեկավար Գայանե Աբգարյանին և ծրագրի վերապատրաստող Անի Սիրեկանյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսանողների համար պիլոտային վերապատրաստման ծրագրի իրականացման հնարավորությունները։
ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանը կարևորեց ապագա ուսուցիչների մասնագիտական պատրաստվածության բարձրացումն ու ժամանակակից կրթական պահանջներին համապատասխան հմտությունների ձևավորումը՝ ընդգծելով «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի նշանակությունը։
Նա նշեց, որ վերապատրաստման ծրագրին ուսանողների մասնակցությունը հնարավորություն կտա խորացնելու մասնագիտական գիտելիքները, զարգացնելու գործնական կարողություններն ու առավել պատրաստված մուտք գործելու դպրոց։
Կողմերը քննարկեցին եռամսյա պիլոտային ծրագրի իրականացման ձևաչափը, բովանդակությունն ու մասնակիցների շրջանակը։ Ծրագրում նախատեսվում է ներգրավել «Ինֆորմատիկա» մասնագիտության, ինչպես նաև «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներին։
Վերապատրաստման ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան հանդիպելու գործող ուսուցիչների հետ, ծանոթանալու դպրոցական միջավայրում կիրառվող մեթոդաբանությանը, ուսուցման ժամանակակից մոտեցումներին, տարիքային տարբեր խմբերի համար նախատեսված ուսումնական նյութերին ու ծրագրային փաթեթներին, ինչպես նաև հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան դասավանդման առանձնահատկություններին։
Հանդիպման ընթացքում Գայանե Աբգարյանը ներկայացրեց «ՏեխնՈւս» ծրագրի գործունեության արդյունքները՝ նշելով, որ 2025 թվականից իրականացվող վերապատրաստումներին մինչ օրս մասնակցել է Հայաստանի տարբեր մարզերի շուրջ 640 ուսուցիչ՝ տարրական և միջին դպրոցների օղակներից։
Ծրագրի ղեկավարի տեղեկացմամբ՝ վերապատրաստումներին մասնակցած ուսուցիչներից շատերը հաջողությամբ հաղթահարել են կամավոր ատեստավորումը, ինչը կարող է նաև ուսանողների համար մասնագիտական զարգացման լրացուցիչ հնարավորություն դառնալ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ անգլերենի վերապատրաստման դասընթացների կազմակերպման հեռանկարները։
Վերջին հրապարակումներ
-
23.11.2026
Դպրոցականների այցը ՀՊՄՀ