«Շախմատը կրթության մեջ»՝ առցանց համաժողով ուսուցիչների համար
22.11.2025
«Շախմատը կրթության մեջ» փորձառություններ, լուծումներ և զարգացման ուղիներ» խորագրովուսուցչական համաժողով անցկացվեց ՀՊՄՀ -ի «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտում։
Համաժողովի նպատակն էր ներկայացնել և քննարկել շախմատի ուսուցման լավագույն փորձը դպրոցներում և անդրադառնալ գնահատման լավագույն փորձին։
Համաժողովի ընթացքը հագեցած էր շախմատ դասավանդող ուսուցիչների փորձի ներկայացմամբ.եղան գործնական քննարկումներ, նոր գաղափարների ու մոտեցումների պակաս չկար։
Շախմատի ուսուցիչներին համաժողովի առթիվ շնորհավորեցին ՀՊՄՀ Ուսումնագիտական գծովպրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը և կրթության փորձագետ, «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի մասնագետ Սերոբ Խաչատրյանը:
«Ուրախ եմ ողջունել այս շատ հետաքրքիր ու կարևոր աշխատաժողովի մասնակիցներին: Մանկավարժական համալսարանը, հավատարիմ իր որդեգրած քաղաքականությանը, մշտապես ուշադրության կենտրոնում է պահում դպրոցը, մեր ուսուցիչներին և հնարավորինս փորձում է աջակցել նրանց իրենց ամենօրյա դժվարին ու բարդ աշխատանքում: Մենք գիտակցում ենք՝ մանկավարժի աշխատանքը որքան բարդ ու պատասխանատու, նույնքան էլ հետաքրքիր ու հաճելի է, ուրախ ենք, որ ընտրել եք մանկավարժի մասնագիտությունը և հավատարիմ մնալով ձեր կոչմանը՝ մասնակցում եք բոլոր այն գործընթացներին, որոնք կնպաստեն ձեր գիտելիքների ու կարողությունների զարգացմանը»,-ասաց պրոռեկտորը:
Մարիամ Իսպիրյանը նշեց, որ Մանկավարժական համալսարանը բազմաթիվ միջոցառումներ է իրականացնում, այդ թվում՝ նաև մի շարք վերապատրաստումներ, որի մասնակիցն են դառնում մանկավարժները: Նա գնահատանքի խոսք հղեց առցանց միացած մանկավարժներին՝ պատասխանատվության և բուհի հանդեպ տածած վստահության համար՝ հատուկ ընդգծելով «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի դերը՝ հանձին Սմբատ Լպուտյանի և ողջ աշխատակազմի, որոնք իրենց հետևողական աշխատանքով մշտապես շախմատի ուսուցիչների կողքին են, օգնում են և աջակցում, որպեսզի նրանց հնարավորություններն ու կարողություններն անընդհատ զարգանան, որ սիրով կատարեն իրենց աշխատանքը:
Մարիամ Իսպիրյանը հույս հայտնեց, որ առցանց ձևաչափով իրականացվող համաժողովը կլինի շարունակական, և մասնակիցներից յուրաքանչյուրը գիտելիքների նոր պաշարով կշարունակի իր պատվաբեր աշխատանքը:
«Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի բոլոր անդամների անունից կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ողջունեց համաժողովի մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց մասնակցության համար։ «Կարծեք թե անցել են այն ժամանակները, երբ մեր ուսուցիչներին պետք է սովորեցնենք դասավանդման մեթոդներ ու հնարներ, որովհետև այդ ամենի ուղղությամբ նախորդ տարիներին զգալի աշխատանք է տարվել, տպագրվել են բազմաթիվ ձեռնարկներ, ի վերջո, առցանց տիրույթում ամեն ինչ հասանելի է, և մենք կարծում ենք՝ այս փուլում կարևոր է այդ ամենը դնել կիրառության մեջ, մշակել օրինակելի դասեր, ուսումնական գործունեության ձևեր և անցկացնել փորձի փոխանակում, որը, ես կարծում եմ, այսօր սովորելու լավագույն ձևն է, երբ ուսուցիչներն իրենց պրպտումների հիման վրա ստեղծում են լավագույն փորձ, լավագույն դասեր՝ այդ ամենը ներկայացնելով իրենց գործընկերների ուշադրությանը: Վստահ ենք, որ այս ամենն ունենալու է վարակիչ ազդեցություն, այսօր զեկույց ներկայացնող 10 ուսուցիչները բոլորի համար կլինեն շարժիչ ուժ, ոգևորող, որ հաջորդ ուսուցիչների մեկ այլ խումբ հանդես գա իր լավագույն փորձի ներկայացնմամբ»:
Սերոբ Խաչատրյանը կարևորեց օրվա ձևաչափը․շատ արդյունավետ է, երբ ուսուցիչներն են իրարից սովորում, որովհետև նրանք ամեն օր մտնում են դասարան, տեսնում և զգում են աշակերտներին և իրենց մտորումները, փորձառությունը, կատարած հետազոտական աշխատանքները, վստահ են,հոգեհարազատ են իրենց գործընկերների համար:«Մեր նպատակներից մեկն է՝ շախմատի գիտականացումը, շախմատի սոցիալականացումը, և այս հարթակը հիանալի հնարավորություն է իրարից սովորելու»,-ամփոփեց բանախոսը:
Ուսուցչական առցանց համաժողովն ընթացավ 3 ուղղություններով՝ Թվային գործիքներ և ժամանակակից տեխնոլոգիաներ, Շախմատի ուսուցման արդյունավետ մեթոդներ, Շախմատի ինտեգրված դասերի հաջողված օրինակներ:
Առցանց հանդիպման ընթացքում եղավ հարց ու պատասխան, իսկ ամփոփեցին հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կարապետյանը և հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահան Սարգսյանը:
Վերջին հրապարակումներ
-
17.04.2026Բաց դռների օր՝ Մանկավարժականում
-
17.04.2026Ապրիլը՝ գիտության ամիս ՀՊՄՀ-ում