100 բանաստեղծություն՝ Զարեհ Խրախունուց
25.05.2026
Մանկավարժական համալսարանում կայացավ «Զարեհ Խրախունի.100 բանաստեղծություն» ժողովածուի շնորհանդեսը։ ՀՊՄՀ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի և Համազգային հայ կրթական և մշակութային միության համագործակցությամբ լույս տեսած գիրքն ընդգրկում է անվանի գրողի՝ տարբեր տարիներին լույս տեսած ժողովածուներից ընտրված 100 բանաստեղծություն։
Միջոցառմանը ներկա էին բուհի ղեկավար և դասախոսական կազմը, գրականագետներ, ուսանողներ, ինչպես նաև գրողի ընտանիքի անդամները։
ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը կարևորեց նախաձեռնությունը՝ նշելով, որ Զարեհ Խրախունու ստեղծագործական կյանքն ու բանաստեղծական խոսքը յուրահատուկ կամուրջ են հայրենիքի և սփյուռքի, հիշողության և ապագայի, ազգային ոգու և մարդկային խորն ապրումների, որն այսօր էլ շարունակում է հուզել, մտածելու առիթ տալ և նոր սերունդներին փոխանցել հայ մշակութային արժեքներն ու հոգևոր ներուժը։
Նա կարևորեց, որ ծրագիրը կյանքի է կոչվել նաև Մանկավարժական համալսարանի դերակատարմամբ՝ ընդգծելով՝ նման նախաձեռնություններն ազգային հիշողության պահպանման և սերունդների միջև կապի ամրապնդման կարևոր բաղկացուցիչ են։
«Զարեհ Խրախունի.100 բանաստեղծություն» ժողովածուի կազմող և առաջաբանի հեղինակ, ՀՊՄՀ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի նախկին տնօրեն, Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Սուրեն Դանիելյանը հպարտություն համարեց գրողի ժամանակակիցը լինելն ու նշեց՝ 100-ամյա հոբելյանը լավագույն առիթն է արվեստագետի էության հաշվեկշիռը կատարելու։
Նա իր խոսքում ընդգծեց՝ ներկաների մեջ ամուր նստած է Զարեհ Խրախունին և ներկայացրեց մտավորականի բանաստեղծական աշխարհը, նրա փիլիսոփայական շեշտադրումները՝ ներզգացողությամբ, տեսական թափանցումով լի, փորձագրական, բացատրական խորիմաստ հոդվածներով, գրքերով, իմացական և ստեղծագործական ներդաշնակությամբ, շաղախված առարկաների խաղին, որն այսօր էլ շարունակում է ապրել մեր մեջ և ուղղորդել հաջորդող սերունդներին։
«Մարդու կենսագրությունն իր անցյալն է, իսկ անցյալը չի փոխվում երբեք, միայն փոքր կամ մեծ հավելումներ են լինում, քանի շարունակում է ապրել»,- մեջբերելով հայտնի գրողի խոսքը նշեց պրոֆեսոր Սուրեն Դանիելյանն ու հավելեց՝ Զարեհ Խրախունու խոսքն ուղղված էր բացահայտելու իմացական ճշմարտությունները, բացվելու աշխարհի առջև, անանձնանալու և անմնացորդ նվիրվելու։
Սուրեն Դանիելյանն իր խոսքում նկատեց նաև՝ պոլսահայ բանաստեղծը շատ երգերում չի ընդգծում հայն ու հայկականը, սակայն նրա ստեղծագործական դաշտն ամբողջությամբ ներծծված է ժողովրդի ճակատագրի գեղարվեստական խնդիրներով, պատմության հիմնահարցերով։ Եվ այսօր էլ, բանաստեղծական պատկերների, տողերի ու գրքերի, ժողովածուների միջով հառնում է մեզ հետ երկխոսող բանաստեղծը, տանելով վաղվա օրվա հետ նրա ճանաչողության խորքը․«Հայ բանաստեղծական շարունակական երթի մեջ Զարեհ Խրախունու հետոն բանաստեղծական բարձրագույն հանգրվանն է։ Ամենաճիշտ ճանապարհը գրողի փիլիսոփայությունը, մեծագույն խորհուրդը հասկանալու՝ նրա բանաստեղծական գրքերը սեղանի գիրք դարձնելն է»-նշեց պրոֆեսորն ու հավելեց՝ դա նաև Խրախունու երազանքն էր։
«Համազգային» հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը մեծ պատիվ համարեց պոլսահայ մեծ բանաստեղծի հոբելյանի նշումը, գրքի հրատարակումն ու նրան նվիրված միջոցառմանը ներկա գտնվելը։ Բանաստեղծի, ով հայ գրականության մեջ հսկայական հետք է թողել, որի մասին դեռ խոսվելու, և ով իր խոհափիլիսոփակյական ստեղծագործություններով ոչ միայն խորհուրդ ու պատգամ է տալիս, այլև սովորեցնում է ճիշտ ապրել, փոխանցում արժեքներ։
«Նրա ողջ կենսագրությունը մի հետադարձ հայացք էր անցյալին»,-նշեց ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանն ու պատահական չհամարեց, որ գրքի շնորհանդեսը համընկել է Բանասերի միջազգային օրվան․բանասիրությունը հայոց լեզուն և հայ գրականությունն անաղարտ պահելու մի վառ փարոս է։
Նա հույս հայտնեց, որ Զարեհ Խրախունու ստեղծագործությունները կընդգրկվեն նաև ավագ դասարանների ծրագրերում՝ ապագա սերնդին կներկայացվի նրա հայրենասիրական կարևոր դասեր։
Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Քնարիկ Աբրահամյանն էլ վստահ է՝ ժողովածուն ընթերցողին կօգնի ամփոփ պատկերացում կազմել Զարեհ Խրախունի բանաստեղծի կենսագրության, ձևավորման ընթացքի, անցած ճանապարհի և վաստակի մասին։
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան նաև «Համազգային» հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության անդամ Արտաշես Շահբազյանը, պոլսահայ և լիբանանահայ բանասեր, մատենագետ Կարո Աբրահամյանը, Պոլսի «Մարմարա» օրաթերթի փոխխմբագիր Նաիրա Մկրտչյան-Սյուզմեն։
Հնչեցին նաև երաժշտական և բանաստեղծական կատարումներ։
Վերջին հրապարակումներ
-
09.07.2026ՀՊՄՀ-ն և ՀՄԿ-ն պաշտոնապես կհամագործակցեն