ՀՊՄՀ-ն և ՀՄԿ-ն պաշտոնապես կհամագործակցեն

09.07.2026
ՀՊՄՀ-ն և ՀՄԿ-ն պաշտոնապես կհամագործակցեն

Այսօր Հայկական պետական մանկավարժական համալսարանի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ ամրապնդելով երկու հաստատությունների գործընկերությունը կրթության և ներառականության ոլորտում։

Փաստաթուղթը ստորագրեցին ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը։


Հուշագրի նպատակն է համատեղել երկու հաստատությունների կրթագիտական և մասնագիտական ներուժը՝ նպաստելու ՀՀ-ում ներառական կրթության համակարգի շարունակական զարգացմանը, դրա արդյունավետության բարձրացմանն ու կրթական ծառայությունների որակի բարելավմանը։

Համագործակցության շրջանակում նախատեսվում են իրականացնել կրթական, գիտական և հետազոտական ծրագրեր, համատեղ մշակել և ներդնել ուսումնամեթոդական նյութեր, մասնագիտական ձեռնարկներ ու այլ կրթական ռեսուրսներ, կազմակերպել վերապատրաստումներ, աշխատաժողովներ, գիտաժողովներ և մասնագիտական այլ միջոցառումներ։

Կարևոր ուղղություններից է նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հետ համագործակցության ընդլայնումը՝ մասնագետների մասնագիտական կարողությունների զարգացման, փորձի փոխանակման և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին տրամադրվող ծառայությունների արդյունավետության բարձրացման նպատակով։

Հուշագրով նախատեսվում է նաև ՀՊՄՀ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի, ինչպես նաև համալսարանի մյուս ֆակուլտետների ուսանողների մասնագիտական պրակտիկայի կազմակերպումը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններում՝ նախապես համաձայնեցված ծրագրերի շրջանակում։

Կողմերը նաև համատեղ կմշակեն և կիրականացնեն նոր կրթական, գիտահետազոտական ու մասնագիտական նախաձեռնություններ՝ նպաստելով ներառական կրթության ոլորտում արդյունավետ համագործակցության և կայուն զարգացման ապահովմանը։