«Մամախաթուն»․լույս է տեսել Տիգրան Պետրոսյանցի նոր վեպը
24.08.2026
Լույս է տեսել ՀՊՄՀ գրադարանի տնօրեն, գրող, պատմաբան Տիգրան Պետրոսյանցի հեղինակած «Մամախաթուն․Ան(Առ) բերդի տիրուհին» պատմավեպը։
Վեպի նախնական տարբերակը շարադրվել է 1967 թվականին, սակայն Մամախաթունի մասին ասելիք-գրելիքն այդ ժամանակ կիսատ է մնացել։ Հետագա տարիներին, հեղինակը, սիրահարված տիրական իշխանուհու կերպարին, անդրադարձել է Մամախաթունի կերպարի մեկնաբանմանը, իսկ այս գրքում ամբողջացրել իշխանուհու մասին պատմությունը։
«Դեռևս 5-րդ դասարանում սովորելիս կանխորոշել էի, որ պատմաբան եմ դառնալու։ Մեր ընտանեկան գրադարանում առկա Խորենացու, Բուզանդի, Ագաթանգեղոսի պատմություններն էի թերթում, փորձում հասկանալ դրանց հրատարակությունների լեզուն։ Ամառային արձակուրդին պապիս հետ հյուրընկալվեցի Ապարանի շրջանի Բուժական գյուղում․անտառի բացատում գտնվող ավերակ եկեղեցու պատերից մեկի վրա կարդացի մոնումենտալ տառերով գրված Մամախաթուն անունը։ Ո՞վ էր այդ Մամախաթունը, որ անունը փորագրել էին եկեղեցու պատին, անհայտ էր։ 16 տարեկանում, լինելով աշակերտ, բավականաչափ նյութ հավաքեցի իշխանուհու մասին։ Թեև դպրոցն ավարտելուց հետո Մամախաթուն իշխանուհու պատմությանն անդրադարձ չկատարեցի, բայց ասել, որ մոռացության տվեցին, սխալ կլինի»,-aspu.am-ի հետ զույցում նշեց Տիգրան Պետրոսյանցն ու հավելեց՝ տարբեր գործերում հիշել է նրան և նրա հայրենանվեր գործերը։
Ինչպես նկատեց հեղինակը՝ այսօր արդեն տպագրվել և ընթերցողին է ներկայացվել 13-րդ դարի մեծագույն շինարար-բարերարների պատմության՝ Մամախաթուն իշխանուհու և Վաչե Վաչուտյանի գործունեության և սիրո պատմությունը։ Երկու տիտաններ, որոնք, ըստ նրա, փոխել են 13-րդ դարի մասին այսօրվա ապրողների բոլոր պատկերացումները։
Պատմաբանը նկատում է՝ նրանք սիրել են այն իրական հայրենիքը, որը բաժին էր ընկել իրենց և այն ծաղկացրել են հոյաշեն շինություններով՝ պետության խորհրդանիշ Անբերդի, Կարբիի բերդերով, Աստվածընկալի, Վարդենիսի Յոթվերքի ամրոցներով, Նիգատուն, Ճանճիկ, Ճարճակես գյուղերի իջևանատներով, Հոռոմոսի գրատուն-դպրանոցներով, հոգևոր մեկ տասնյակից ավելի կառույցներով, որ պարգևել են հայրենիքին և ժամանակին։
««Մամախաթուն» պատմավեպը հիշողության կամուրջ է 13-րդ դարի, հաջորդ դարերի և ապագա դարերի միջև»,-հավելեց 68 գրքի հեղինակ Տիգրան Պետրոսյանցը։