«Որտեղ էլ ապրի հայը՝ իր մեջ կրում է Հայաստանի ներկայի ձայնը»

10.08.2026
«Որտեղ էլ ապրի հայը՝ իր մեջ կրում է Հայաստանի ներկայի ձայնը»

«Ազգի գոյությունը միայն պետական սահմաններով չի չափվում. այն շարունակվում է այնտեղ, որտեղ ապրում են լեզուն, պատմական հիշողությունը և սերունդներին փոխանցվող հոգևոր արժեքները»,- Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի Առաջնորդարանում տեղի ունեցած մայրենի լեզվի մշակների համահայկական հերթական հավաքի ժամանակ նկատեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը։

 

 


Այս համատեքստում նա մեջբերեց Պարույր Սևակի խոսքը՝ «Վերհիշել անցյալը չի նշանակում տեղափոխվել անցյալ, այլ անցյալը տեղափոխել ներկա», և ավելացրեց՝ որտեղ էլ ապրի հայը, իր մեջ կրում է Հայաստանի ներկայի ձայնը՝ ազգային մշակույթի, մայրենի լեզվի և եկեղեցու միջոցով շարունակելով հայ ինքնության հարատև ուղին։

 

2026 թվականի օգոստոսի 8-ին տեղի ունեցած համահայկական հավաքը, որ ավանդական բնույթ ունի, շաբաթօրյա դպրոցների մանկավարժների մասնագիտական զարգացման, փորձի փոխանակման և կրթական նոր մոտեցումների քննարկման կարևոր հարթակ է։ Վերջին տարիներին այն ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ ձեռք բերելով համահայկական ընդգրկում և իր շուրջը համախմբելով տարբեր երկրներում հայոց լեզվի պահպանմանն ու տարածմանը նվիրված մանկավարժների։

 


Հավաքի գլխավոր կազմակերպիչներից, ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա վարժարանների հոգևոր տեսուչ և «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցի տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը կարևորեց ուսուցչի պատասխանատու դերը՝ ընդգծելով, որ մանկավարժը սովորեցնում է ոչ միայն պահպանել մայրենի լեզուն, այլև ապրել նրա մեջ, մտածել, ստեղծագործել և ճանաչել աշխարհը հայերենով։

 


Ներկաներին իր հայրական օրհնությունն ու պատգամը փոխանցեց ԱՄՆ Արևմտյան թեմի բազմավաստակ առաջնորդ, գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։ Սրբազանն օրվա պատգամը ձևակերպեց մեկ բառով՝ ծառայություն։ Իսկ ուսուցիչներն իրականացնում են պատասխանատու և պատվաբեր ծառայություն։

 


Այս տարվա համահայկական հավաքը համախմբել էր շուրջ 120 մանկավարժի։ Մասնակիցների մի մասը հավաքին միացել էր առցանց՝ Հայաստանից, Ռուսաստանից, եվրոպական երկրներից, Հնդկաստանից և ԱՄՆ տարբեր քաղաքներից։ Բանախոսներն անդրադարձան մայրենի լեզվի ուսուցման խնդիրներին, Սփյուռքում մայրենիի դասավանդման հիմնական նպատակներին՝ ազգային ինքնության ու լեզվամտածողության պահպանում, կենդանի և կիրառական լեզվի ձևավորում, մայրենիի կապի ապահովում գրականության ու պատմության հետ։

 


Պրոֆեսոր Աշոտ Գալստյանի ելույթի առանցքային թեմաներից էր Սփյուռքի մեկօրյա դպրոցներում մայրենիի ուսուցման նոր մոտեցումների անհրաժեշտությունը։ Նա առանձնացրեց ժամանակակից ինտերակտիվ մեթոդների կիրառումը, ուսումնական ծրագրերում QR կոդերի ներառումը, ծավալուն բնագրերի նպատակային կրճատումն ու թվային գործիքների արդյունավետ օգտագործումը։ Անդրադարձավ նաև արհեստական բանականության ընձեռած հնարավորություններին՝ նշելով, որ նոր թվային գործիքների միջոցով կարելի է ստեղծել հետաքրքիր կրթական ծրագրեր, վարժություններ և ուսումնական նյութեր՝ դրանք ժամանակակից սովորողի համար առավել մատչելի ու գրավիչ դարձնելով։

 


Բանախոսը նկատեց, որ կրթական միջավայրն արագորեն փոխվում է, և նախկին արդյունավետ մեթոդները միշտ չէ, որ նույն ազդեցությունն են ունենում այսօրվա աշակերտի վրա։ Ուստի մանկավարժը ևս պետք է շարունակաբար զարգանա, յուրացնի նորարարությունները և կարողանա մայրենիի դասը դարձնել կենդանի, հետաքրքիր ու երեխայի առօրյային մոտ։

 


Հայերենի ուսուցիչների ամենամյա հավաքը կրկին փաստեց, որ Սփյուռքում հայոց լեզվի պահպանումն ու ուսուցումը զուտ կրթական խնդիր չեն։ Դրանք ազգային հիշողության պահպանման, մշակութային ժառանգության փոխանցման և հայ ինքնության շարունակականության կարևոր երաշխիք են։

 


Այսօր, երբ հայ երեխան մեծանում է բազմալեզու ու բազմամշակութային միջավայրում, ուսուցչի առաքելությունն առավել պատասխանատու է։ Մայրենին նոր սերնդին կապում է իր պատմության, մշակույթի, հավատքի և հայրենիքի հետ, իսկ ուսուցիչն իր գիտելիքով ու նվիրումով ամրացնում է այդ կապը։

 


Հայաստանի բանալին հայոց լեզուն է։ Եվ այդ բանալին սերունդներին փոխանցողներից են հայոց լեզվի նվիրյալ ուսուցիչները։