Աշխատանքային այց՝ Պանթեոնի համալսարան

31.07.2026
Աշխատանքային այց՝ Պանթեոնի համալսարան

Հուլիսի 27-31-ը ՀՊՄՀ պատվիրակությունը՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով հյուրընկալվել էր Պանթեոնի հասարակական և քաղաքական գիտությունների համալսարանում։

Պատվիրակությանն ընդունել է Պանթեոնի հասարակական և քաղաքական գիտությունների համալսարանի ռեկտոր Քրիստինա Կուլուրին։ Հանդիպման ընթացքում, հաշվի առնելով երկու համալսարանների մասնագիտական հետաքրքրություններն ու առաջնահերթությունները, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել պատմության դասավանդման ժամանակակից մեթոդաբանությանը, հետազոտական նորարարություններին և միջգիտակարգային մոտեցումների կիրառմանը։

Կողմերը կարևորել են համատեղ գիտաժողովների և մասնագիտական սեմինարների կազմակերպումը, ինչպես նաև դասախոսական և վարչական աշխատակազմերի փոխանակման ծրագրերի ընդլայնումը՝ ընդգծելով, որ նման համագործակցությունը կնպաստի երկու բուհերի կրթական և գիտահետազոտական միջավայրերի զարգացմանը։

Այցի շրջանակում ՀՊՄՀ պատվիրակության անդամներն այցելել են նաև համալսարանի գրադարան, ծանոթացել գրականության հարուստ ֆոնդին, էլեկտրոնային ռեսուրսների համակարգին, ինչպես նաև ուսանողների և հետազոտողների համար ստեղծված աշխատանքային պայմաններին։

ՀՊՄՀ ներկայացուցիչներն այցելել են նաև համալսարանի Erasmus գրասենյակ, որտեղ աշխատակիցների հետ քննարկել են միջազգային շարժունության ծրագրերի արդյունավետության բարձրացման, համագործակցության նոր ուղղությունների և հետագա համատեղ նախագծերի մշակման ու ներկայացման հնարավորությունները։

Այցը ևս մեկ կարևոր քայլ է ՀՊՄՀ-ի միջազգայնացման ռազմավարության իրականացման, եվրոպական բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցության ընդլայնման և կայուն գործընկերային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։