ՀՊՄՀ ասպիրանտները հետազոտություններ են իրականացրել Իսպանիայում
06.08.2026
ՀՊՄՀ ասպիրանտներ Մարիամ Գևորգյանն ու Տաթև Արշակյանը Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում հետազոտական ծրագիր իրականացրին Իսպանիայի Տառագոնա քաղաքի Ռովիրա և Վիրջիլի համալսարանում:
Իսպանացի պրոֆեսոր Ֆաբիա Մորալես Վիվեսի ղեկավարությամբ Մարիամ Գևորգյանն ուսումնասիրել է պատանիների և երիտասարդների սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները։ «Անձնային գծերի և ինքնակառավարման սոցիալ-հոգեբանական ասպեկտները միջանձնային հարաբերություններում» թեմայով հետազոտության նպատակն է պարզել, թե ինչպես են անձնային գծերն ու ինքնակառավարումը ազդում 17-20 տարեկան պատանիների ու երիտասարդների միջանձնային հարաբերությունների վրա:
«Այս ծրագիրը ոչ միայն հնարավորություն տվեց իրականացնելու ծավալուն դաշտային աշխատանք, այլև յուրացնելու քանակական տվյալների վերլուծության ժամանակակից գործիքակազմեր (SPSS, JASP)։ Սա կարևոր փորձառություն էր իմ ատենախոսության և հետագա գիտական գործունեության համար», -aspu.am-ի հետ զրույցում նշեց Մարիամը:
Ծրագրի ընթացքում նա ակտիվ համագործակել է Տառագոնայի երիտասարդական, կամավորական և մարզական մի շարք կազմակերպությունների հետ՝ իրականացնելով շուրջ 150 վավեր հարցումների հավաքագրում։ Հետազոտական թիմը՝ հայ և իսպանացի գործընկերների մասնակցությամբ, նախատեսում է ընդլայնել հարցվածների ընտրանքը մինչև 600 մասնակից և արդյունքները հրապարակել միջազգային գիտական ամսագրերում։
Շարժունության ծրագրի շրջանակում իր հետազոտությունն իրականացրեց նաև ՀՊՄՀ ասպիրանտ Տաթև Արշակյանը, ում ուսումնասիրության ոլորտը պատմությունն է։
«Ծրագրի մասնակցությունը մեծապես նպաստեց հետազոտական աշխատանքիս զարգացմանը։ Հնարավորություն ունեցա ուսումնասիրելու մեծ քանակով գրականություն, որը բաց հասանելիություն չունի Հայաստանում։ Գիտական ղեկավարի հետ պարբերական հանդիպումները, տեղացի գիտնականների հետ շփումներն օգնեցին ավելի լավ պատկերացնել միջազգային գիտական շտեմարաններում հոդվածներ հրատարակելու նրբությունները, գիտական հոդվածի կարևոր թիրախային կետերը, գիտական աշխատանքի միջազգային ստանդարտները։ Ծրագիրը հնարավորություն տվեց ոչ միայն աշխատելու հետազոտության և առանձին գիտական հոդվածի վրա, այլև օգնեց ձեռք բերել նոր միջազգային կապեր, որոնց դերը 21-րդ դարում անգնահատելի է», -նշեց Տաթևը:
ՀՊՄՀ երիտասարդ գիտնականների հաջողված այցելությունը ևս մեկ անգամ ընդգծում է բուհի հանձնառությունը՝ խթանելու միջազգային ակադեմիական փոխանակումը և բարձրացնելու հետազոտական աշխատանքների որակը։ Երկու համալսարանների միջև ձևավորված ամուր գիտական կապերը հիմք են հետագա համատեղ նախագծերի և նոր նախաձեռնությունների համար:
Վերջին հրապարակումներ
-
31.07.2026Աշխատանքային այց՝ Պանթեոնի համալսարան